Famiglia Cristina իտալական կաթոլիկ պարբերականը Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Սալվինիին սատանայի հետ է համեմատել։ Այս մասին հաղորդում է The Local-ը։
Պարբերականը թողարկվել է Vade Retro Salvini («Ետի՛ս գնա, Սալվինի՛») խորագրով։ Այս արտահայտությունը լատինական «Ետի՛ս գնա, սատանա՛» արտահայտության վերափոխված ձևն է, որը նաև կաթոլիկ աղոթքի խորագիր է դարձել։
«Այսպես է եկեղեցին արձագանքում ներքին գործերի նախարարի որդեգրած ագրեսիվ հնչերանգին»,-ասվում է պարբերականում։
«Մարդկությանը հոգի չունենալուց փրկելու համար մենք պետք է պաշտպանենք կյանքը։ Յուրաքանչյուրի կյանքը»,-ասվում է տեքստում։ Famiglia Cristina-ն նշում է, որ հոդվածը գրելիս որևէ անձնական կամ գաղափարախոսական պատկերացումներով չի առաջնորդվել։
Պաշտոնյան ինքը դժգոհ է հրապարակումից։ «Ես որևէ մեկին որևէ բան սովորեցնել չեմ հավակնում, ես կատարյալ քրիստոնյա չեմ, բայց կարծում եմ, որ այդպիսի բանի արժանի չեմ։ Մխիթարական է, որ ամեն օր շատերն են ինձ աջակցում»,-գրել է նա սոցկայքում։
Սալվինիի՝ իշխանության գալուց հետո իտալական իշխող կուսակցության առաջնորդը խոստացել է դադարեցնել ներգաղթյալների հոսքը։ ՆԳՆ-ի փորձերը կաթոլիկ եկեղեցին դատապարտում է։











































