Բազմաթիվ քաղաքացիների բողոքների հետքերով Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները զբաղվել են Երևանում աղբահանության թերի կազմակերպման խնդրով: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ մշտադիտարկման արդյունքում քննարկում է եղել «Սանիտեք»-ի ղեկավարի և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ։ Առանձնացվել են աղբահանության պատշաճ կազմակերպմանը խոչընդոտող մի շարք պատճառներ, որոնց օբյեկտիվությունը պարզելու նպատակով տեղերում իրականացվել է ուսումնասիրություն (Երևան քաղաքի վարչական շրջանների մի շարք փողոցներ, Նուբարաշենի աղբավայր և աղբահանությունը կազմակերպող ընկերության վարչական տարածք):
«Սանիտեք»-ը պարտավորվել է վերականգնել աղբահանության բնականոն գործընթացը։ Ինչպես նաև պարտավորվել է հնարավորինս սեղմ ժամկետում վերանորոգել շահագործվող տեխնիկան, ավելացնել աղբամանների քանակը և ձեռք բերել նոր աղբատար մեքենաներ։ Սիրելի համաքաղաքացիներ, օգնեք մաքուր պահենք մեր քաղաքը…»,-ասված է գրառման մեջ:









































