Շատ կարևոր է, որ տեղի է ունենում ներմուծման փոխարինում. առաջ եթե այդ խոհանոցային սարքավորումները գալիս էին չինական, թուրքական շուկայից, հիմա կունենանք տեղական արտադրություն, ինչպես նաև կմտածենք արտահանման մասին։ Արտահանման թիրախային շուկան սկզբում լինելու են ԵԱՏՄ երկրները, Վրաստանը, Իրանը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բիզնես Արմենիա» գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը՝ անդրադառնալով օտարերկրյա ներդրումային ծրագրին, որի շրջանակում կառուցվելու է չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրության գործարան՝ 24 աշխատատեղով և միջինը 300 հազար դրամ աշխատավարձով։
«Սա կարծում եմ՝ հաջողված բիզնես ծրագիր է։ Ներդրողը առաջիկայում պատրաստվում է ևս 2-3 մլն դոլարի ներդրումային ծրագիր իրականացնել Հայաստանում։ Ընկերության հետ սկսել ենք աշխատել վերջին տարվա ընթացքում, բայց իրենք հայաստանյան շուկայում աշխատել են նախկինում, ներմուծել են ապրանքներ։ Հիմա, կարելի է ասել, իրենք ներմուծողից դառնում են արտադրող։ Մեր խնդիրն է ներդրողներին այնպիսի ծառայություններ մատուցել, որ իրենք իրենց վստահ զգան, ոչ թե գան ու չհասկանան՝ որտեղի՞ց սկսել, ո՞ւր գնալ։ Մեկ պատուհանի սկզբունքով է արվելու ամեն ինչ»,- մանրամասնեց Հայկ Միրզոյանը։
Միրզոյանը նշեց, որ երեկ գրանցել են ևս մեկ ընկերություն, որը ներդրումային ծրագիր է իրականացնելու Հայաստանում, սակայն նա փակագծերը չբացեց, թե՝ ի՞նչ ոլորտում է ներդրումը իրականացվելու, ինչքա՞ն է այն կազմելու և այլն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:







































