Երեկ ավարտվեց ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլը: Երևանի «Բանանցը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով բոսնիական «Սարաևոյին» զիջելուց հետո պատասխան խաղում պարտվեց խոշոր՝ 3:0 հաշվով: Ու չնայած մրցակիցն այնքան էլ զորեղ չէր, «Բանանցը» ցուցադրեց անորակ և թույլ ֆուտբոլ:
Նշենք, որ «Բանանցը» հայկական այն ակումբներից է, որն ունի իդեալական պայմաններ առաջընթաց ապրելու համար: Վերջին տարիներին, սակայն, այս թիմի խաղը, մեղմ ասած, չի տպավորում: «Սարաևոյի» հետ երկու հանդիպումներում այդպես էլ չուրվագծվեցին մարզչական լուծումները, որոնք պետք է օգնեին թիմին գոնե արժանի դիմադրություն ցույց տալ: Կարծում ենք՝ իրավիճակը շտկելու համար «Բանանցի» ղեկավարությունը պետք է դիմի հստակ փոփոխությունների: Նման մոտեցումներով թիմն ուղղակի առաջընթաց չի ապրում:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի նախապատրաստական փուլում «Բանանցը» ստուգողական խաղում 9:0 հաշվով զիջել էր ռուսական «Տամբովին»: Նույնիսկ եթե հանդիպումն ընկերական է, նման հաշվով պարտությունը Ճ կլասի թիմից ոչ միայն ամոթալի է, այլև մտահոգիչ: Ուղղակի դժվար էր պատկերացնել, որ 9:0 հաշվով պարտություն կրած թիմը կկարողանա հաջող խաղալ Եվրոպա լիգայում: Կարճ ասած՝ տեղի ունեցավ այն, ինչը պետք է տեղի ունենար:
Երեկ պայքարից դուրս մնաց նաև «Գանձասար-Կապանը», բայց այս թիմը ուղղակի հարգանքի է արժանի կատարած աշխատանքի համար: Կապանյան թիմը ոչնչով չզիջեց Լեհաստանի ուժեղագույն թիմերից «Լեխին»: «Գանձասար-Կապանը» կատարել էր տնային աշխատանքը, որը ցայտուն կերպով արտացոլվեց խաղադաշտում: Ի տարբերություն «Բանանցի»՝ «Գանձասար-Կապանը» տևական ժամանակ ձևավորել էր կորիզ: Կային նաև թերացումներ, բայց այս թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանին հաջողվել էր խաղացողներին արդյունավետ տեղաբաշխել խաղադաշտում:
Ի տարբերություն «Բանանցի»՝ «Գանձասար-Կապանի» լեգեոներները վաղուց արդեն դարձել էին թիմի մասնիկը և տոն էին տալիս հատկապես առջևի գծում: Ի դեպ, «Գանձասար-Կապանի» լեգեոներները Հայաստանի մասշտաբով որակապես բավական բարձր են: Հայկական այլ թիմերի լեգեոներներին հայտավորելով ու հիմնական կազմ ընդգրկելով արդյունքի հասնելը, մեղմ ասած, իրատեսական չէր: Սկզբունքները պահելու և ճիշտ աշխատանք կատարելու դեպքում եկող տարի «Գանձասար-Կապանը» կարող է լուրջ հավակնություններ ունենալ եվրագավաթների խաղարկություններում:
Այն, որ կապանյան թիմը տարեցտարի ուժեղանում է, արդեն իսկ փաստ է: «Գանձասար-Կապանը» պայքարից դուրս մնաց վերջին վայրկյաններին բաց թողած գնդակի շնորհիվ: Ինչ խոսք, տեղի ունեցածը ցավալի էր: Ունենք դաժան իրականություն, միևնույն ժամանակ՝ հուսադրող արդյունք: Վերջին վայրկյաններին գոլ բաց թողնելը մեզ համար կարծես հիվանդություն է դարձել: Իսկ հիվանդության գլխավոր պատճառը, կարծում ենք, պրոֆեսիոնալիզմի պակասն է:
Ինչևէ, այն, ինչ արեց նախորդ առաջնությունում 5-րդ հորիզոնականը զբաղեցրած «Փյունիկը», կարելի է ֆանտաստիկ արդյունք համարել: Մեր թիմը Երևանում 1:0 հաշվով մակեդոնական «Վարդարին» հաղթելուց հետո Սկոպյեում զարգացրեց հաջողությունը և հաղթեց արդեն 2:0 հաշվով: Ընդ որում, «Փյունիկը» զրկված էր 7-8 առաջատար ֆուտբոլիստներից: Վերջին պահին շարքից դուրս էր եկել երևանյան խաղում «Փյունիկի» ավագ Պետրոս Ավետիսայնը: Վերջինս բավական լավ տպավորություն էր թողել առաջին խաղում և նպաստել հաղթանակին:
Այսքան խնդիրներով հանդերձ՝ «Փյունիկը» պայքարից դուրս թողեց անցյալ տարի Եվրոպայում ճանաչում ձեռք բերած «Վարդարին»: Հաղթեց, մասնավորապես, թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի կատարած աշխատանքի շնորհիվ: Այս մասնագետը ընդամենը մեկ ամսում կառուցել է մարտունակ թիմ: Տալալաևը մեկ ամսում արեց այն, ինչը հայաստանցի փառապանծ բազմաթիվ մարզիչների չի հաջողվում անել տարիներ շարունակ: Տալալաևի գրանցած արդյունքը խոսում է նաև այն մասին, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում նորմալ մասնագետների լուրջ խնդիր կա: Գոյություն ունեն տակտիկական և նախապատրաստական պարզ սխեմաներ, որոնք հայաստանցի շատ մասնագետներ ուղղակի անտեսում են:
Որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» մրցելու է ղազախական «Տոբոլի» հետ: Վերջինս Եվրոպա լիգայի առաջին փուլում երկու հանդիպումների արդյունքում 3:0 հաշվով հաղթել է վրացական «Սամտրեդիային»: Հաշվի առնելով «Վարդարի» հետ հանդիպումները՝ կարող ենք ասել, որ «Փյունիկն» իրական հնարավորություն ունի հայտնվելու Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում:
Հիշեցնենք, որ հայկական ակումբներից ոչ մեկին երբևիցե չի հաջողվել եվրագավաթների խաղարկությունում հաղթահարել որակավորման երկու փուլ: Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում խաղալու է նաև «Ալաշկերտը», որը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի խաղարկությունից: Բայց միայն այն, որ «Ալաշկերտը» գլխավորում է Վարուժան Սուքիասյանը, ուղղակի անիմաստ է այս թիմի հետ ինչ-որ հույսեր կապելը:








































