Քաղաքականության մեջ հաջողություններ ունենում է նա, ով ավելի առաջադեմ է լինում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սարո Սարոյանը։

Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրանք, ովքեր հանդես են գալու ընդդիմության դիրքերից, եթե ավելի առաջադեմ չլինեն, միանշանակ պարտություն են կրելու։
Հարցին՝ ո՞վ կարող է ռեալ մրցակցություն ապահովել վարչապետ Փաշինյանի գլխավորած ուժին, քաղաքագետը պատասխանեց. «Բոլոր ուժերը, որոնք ուզում են կառավարման համակարգում դիրքեր ունենալ, իրենք պիտի իրենց շանսերը գնահատեն, ինչ-որ պլատֆորմներով հանդես գան»։ Ըստ Սարոյանի՝ այս պահին բարդ է որևէ կոնկրետ ֆորմատ մատնանշել, անգամ քաղաքական ուժերը դեռ չգիտեն, թե ինչպես են մասնակցելու ընտրություններին։
Այդուհանդերձ, Սարոյանը նկատեց, որ եթե լուրջ և գաղափարական ընդդիմություն չստեղծվի, վտանգ կա, որ իշխանությունը, բարձր հեղինակության ու վարկանիշի պայմաններում կարող է մնալ առանց մրցակցի։ «Այդ վտանգը կա, այս պահին եթե ընտրություններ լինեն, նման զարգացում, նման դասավորություն կլինի։ Իհարկե, եթե քաղաքագիտորեն մոտենանք, դա շատ վատ է։ Եթե որևէ միավոր մրցակիցներ չի ունենում, հանգիստ է գործում, սխալներ շատ է թույլ տալիս։ Նորմալ ընդդիմություն որ ձևավորվի, Հայաստանին միայն օգուտ կտա»,- ասաց Սարոյանը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ նկատում է, որ այլ քաղաքական ուժեր բոլորովին չեն կաշկանդվի իշխող ուժի վարկանիշից։ «Որովհետև այն, ինչ անում է այսօրվա իշխանությունը, ընդամենը տակտիկական խնդիրներ է լուծում, այլ ոչ ծրագրային լուրջ գործողություն է իրականացվում։ Ծրագիրը շատ ավելի լուրջ պիտի լինի, և ընդդիմադիր ուժերը, որոնք նպատակ ունեն մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պետք է ծրագիր ներկայացնեն, որի մեջ կլինեն այն հարցերը, որ այս իշխանությունն է անում (դնենք մի կողմ, թե ինչ արդյունավետությամբ է արվում), այլ ավելի հեռահար ծրագրեր պիտի լինեն, մեծածավալ կետեր։ Դա Հայաստանի ապագայի տեսլականի հարցն է, զարգացման վեկտորի ուղղություն նշելն է, օրենսդրական նախաձեռնությունները բոլոր բնագավառներում»,- ասաց քաղտեխնոլոգը։
Հարցին, թե այլ քաղաքական ուժեր արդյոք խնդիրներ չե՞ն ունենա ընտրություններում՝ հաշվի առնելով իշխող ուժի բարձր հեղինակությունը, Արմեն Բադալյանը պատասխանեց. «Ոչ, չեն ունենա։ Իսկ ով ասաց, որ այսօրվա իշխանությունն ունի այնքան մեծ հեղինակություն, որչափ նշում են։ Տարածված տեսակետ է, որ գործող իշխանությունները մեծ հեղինակություն ունեն։ Նախ՝ պետք է չափել, թե բավական մեծ ասելով ինչ ենք հասկանում։ 30 տոկոսն էլ է բավական մեծ, 90 տոկոսն էլ։ Այդ հարցին կարող են պատասխանել միայն սոցիոլոգները, սակայն մենք Հայաստանում վստահություն ներշնչող սոցիոլոգիական ծառայություններ չունենք, հիմնականում սոցիոնկարիչներ են։ Ուստի չենք կարող ասել, թե օրվա իշխանությունը ինչպիսի հեղինակություն ունի։ Այո, ինչ-որ չափով ունի, բայց արդյո՞ք դա 50%+1-ն է. խիստ կասկածելի է»,- նշեց նա և հավելեց. «Չպետք է մոռանալ, որ ընտրությունները հաջորդ կիրակի չեն լինելու, այլ, ամենայն հավանականությամբ, լինելու են հաջորդ տարվա ապրիլ-մայիսին, որովհետև մինչ այդ տեխնիկապես հնարավոր չէ անցկացնել։ Ամառը կիսվեց, օգոստոսն էլ արձակուրդային սեզոն է, իսկ այս ընթացքում Ընտրական օրենսգիրքն անգամ առաջին ընթերցմամբ չի ընդունվել։ Ըստ ամենայնի, կընդունվի սեպտեմբերին, իսկ երկրորդ ընթերցումը՝ Վենետիկի հանձնաժողով գնալ-գալը, հանձնաժողովի խորհուրդները ընդունելը, աշնանը տեղի կունենա։ Այսինքն՝ մինչև տարվա վերջ պատրաստ կլինի օրենսգիրքը, իսկ դրանից հետո մի վեց ամիս էլ պետք կլինի ընտրությունների համար»։
Ըստ Բադալյանի՝ որևէ երաշխիք չկա, որ օրվա իշխանությունները ապրիլ-մայիսին կունենան այն հեղինակությունը, որ այս պահին ունեն. «Բնականաբար, մյուս ուժերը չեն կաշկանդվի, առավել ևս, եթե կարողանան գրագետ քարոզարշավ իրականացնել»։
Լուսանկարը՝ Photolure-ի








































