«Մենք, նախ և առաջ, լրջագույն քայլ ունենք անելու տնտեսական ռեֆորմների տեսանկյունից։ Հայաստանում իրականացվող քայլերը, օրինակ, ԱԱԾ-ի կողմից արված բացահայտումները, տնտեսական ռեֆորմներ չեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
«Հայաստանի տնտեսությունը ստեղծված է օլիգարխիկ համակարգի համար, նախ և առաջ անհրաժեշտ է ստեղծել տնտեսական ազատական օրենսդրություն, որը կխթանի թե՛ ներդրումների գալը, թե՛ գրանտներ ստանալը»,- ասաց մեր զրուցակիցը՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օդանավում արված հայտարարություններին ԵՄ աջակցության վերաբերյալ։
Քաղաքագետն ընդգծում է՝ Եվրոպայում կարծում են՝ մեր աշխարհաքաղաքական մոտեցումների համար բավարար է այնքան գումար, ինչքան նրանք մինչ այս տվել են։ «Անհրաժեշտություն կա, որ մենք ավելի ինտենսիվ աշխատենք Եվրոպայի հետ, այդ ակնկալիքները պետք է լինեն մեր գործին զուգահեռ»,- եզրափակեց նա։










































