Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Երևանը ե՞րբ կունենա քաղաքապետ և ի՞նչ պայմաններում: Ավագանու արտահերթ նիստում որոշվել է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունն անցկացնել հուլիսի 16-ին: «Ելք»-ն առաջարկում էր ընտրությունն անցկացնել օգոստոսի 8-ին, սակայն այս առաջարկը մերժվեց՝ 34 դեմ, 15 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց. «Մենք ունեինք երկու ելք՝ առաջադրել թեկնածու, քննարկել, թե ով պետք է լինի թեկնածուն, իսկ եթե թեկնածու չենք առաջադրում, պատրաստվենք արտահերթ ընտրությունների… ՀՀԿ-ն առաջարկեց ամենամոտ օրը նշանակել: Այդ արձակուրդային սեզոնին նույնիսկ ընտրական գործընթաց կազմակերպելը լինելու է բավականաչափ բարդ:
Ես դա որակեցի սաբոտաժ, վնաս տալու միջոց: Ինչո՞ւ այդքան շուտ. այս հարցի պատասխանը չտրվեց»:
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանի դիտարկմամբ՝ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի առաջարկը՝ ընտրությունն անցկացնել օգոստոսի 8-ին, ճիշտ մոտեցում էր: Նրա խոսքով՝ նպատակահարմար չէ օգոստոսին քարոզարշավ անցկացնել:
Մեր զրուցակիցները նշեցին, որ Տարոն Մարգարյանի հրաժարականի հիմքերը հայտնի չեն, և դեռ պարզ չէ, նա միայն քաղաքապետի պաշտոնից է հրաժարվել, թե նաև ավագանու անդամակցությունից:
«ՀՀԿ խմբակցությունը հնարավոր է քաղաքապետի թեկնածու չառաջադրի և միգուցե հուլիսի 16-ին չմասնակցի ավագանու ընտրություններին»,- նշեց Ե. Ազարյանը:
«Ես հայտարարել եմ, որ մեզ համար անընդունելի կլինի ՀՀԿ խմբակցությունից որևէ առաջադրում: ՀՀԿ-ն ունի վստահության դեֆիցիտ և քաղաքապետի թեկնածու չպետք է առաջադրի»,- ընդգծեց Դ. Խաժակյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:










































