«Իմ կարծիքն այդ հարցերում անցած 10 տարիների ընթացքում չի փոխվել՝ դա դատաիրավական համակարգի խնդիրն է, ինքը պետք է որոշի՝ ում հրավիրի հարցաքննության, ում չհրավիրի: Ես չէ, որ պետք է հուշեմ նրանց»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկինում Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրացաքննության հրավիրելու և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրյալ ներգրավելու փաստերը:
Նա հրաժարվեց մեկնաբանել հարցը՝ արդյոք Ռ. Քոչարյանը մտահոգվելու առիթ ունի՞, թե՞ ոչ: Ս.Նիկոյանի պնդմամբ՝ հանձնաժողովի առջև խնդիր դրված չի եղել՝ պարզելու, թե արդյոք բանակը ներգրավվա՞ծ է եղել քաղաքական գործընթացներում, թե՞ ոչ. «Այդ խնդիրն առաջացել է հանձնաժողովի եզրակացությունը կարդալուց մեկ տարի հետո»:
Ըստ նրա՝ իրենց առջև խնդիր է դրվել ստուգել պահեստներից համազգեստների դուրս բերման հանգամանքը, ինչը և արվել է: Ս.Նիկոյանը նշեց, որ իրենց բոլոր նյութերը ԱԺ արխիվում էին, եթե ՀՔԾ-ն չի վերցրել օգտագործելու համար:









































