«Մամիկոն Ասլանյանն անցել է արդեն իր բոլոր սահմանները և հիմա իր պահվածքով ընդգծում է ամենաթողության շրջանակները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը՝ անդրադառնալով Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի՝ ֆեյսբուքյան էջում կատարած գրառմանը, որը վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին։
Հիշեցնենք, որ երեկ Էդմոն Մարուքյանը գրառում էր կատարել՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետի հրաժարականից հետո հերթը Վանաձորի քաղաքապետինն է։ Քաղաքապետը, վրդովվելով այս գրառումից, իր էջում որոշակի անպարկեշտ ձևակերպումներից զատ, գրել է, որ Մարուքյանը շատ հիշաչար մարդ դուրս եկավ, երկու տարի է չի մարսում իր պարտությունը։
«Այն ամբողջ ընթացքը, որի հետևանքով նա հայտնվեց այդ պաշտոնում, բոլորը տեսան, բայց մարդիկ անամոթաբար շարունակում են կարծել, թե իրենց հաղթանակը եղել է լիարժեք, իսկ մենք չենք ընդունում մեր պարտությունը։ Բայց իրենց այդ հայտարարությունները խոսում են իրենց քաղաքական անհասության մասին, որովհետև իրենց ընտրվելը մանրամասնորեն, ներսից իմանալով հանդերձ, նման հայտարարություններ թույլ տալը անարգանք է նույն համակարգի նկատմամբ»,- ընդգծեց Քրիստ Մարուքյանը։
Մեր դիտարկմանը, թե այդ պարագայում որտեղից Մամիկոն Ասլանյանին նման վստահություն, Մարուքյանը նկատեց, որ դա գալիս է նրանից, որ այն կուսակցությունները, որոնք սատարել են իրեն՝ ՀՅԴ-ն ու ՀՎԿ-ՕԵԿ-ը, հայտարարելով մի բան հանրապետության մասշտաբով, կատարում են մեկ այլ բան։ «Հենց սա էլ Մամիկոն Ասլանյանին տալիս է լրացուցիչ վստահություն, որ ինքը չունի որևէ քաղաքական խնդիր։ Այսինքն՝ քաղաքական կուսակցությունների առումով երկվություն ունի, որից օգտվելով էլ իրեն թվում է, որ ունի այն աջակցությունը, որը ունեցել է նաև ընտրությունների ընթացքում։
Օգտվելով առիթից, որ այդ կուսակցությունների ներկայացուցիչները շեղվել են իրենց կուսակցության որդեգրած գծից, իրեն թույլ է տալիս հետևություններ անել, որ ցանկացած պարագայում նրանք կքվեարկեն իր օգտին։ Սա է խնդիրը, այլ ոչ թե այն, որ Մամիկոն Ասլանյանը մտածում է, թե ունի կենտրոնական իշխանությունից որևէ աջակցություն»,- ասաց Մարուքյանը։
Ի դեպ, Վանաձորի ավագանու նախորդ նիստին Քրիստ Մարուքյանը ուղիղ հարց էր ուղղել ՀՅԴ և ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչներին՝ հետաքրքրվելով, թե ինչու Հայաստանում իրավիճակի փոփոխությունից հետո, երբ նույն ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը հայտարարեցին համաժողովրդական շարժմանը միանալու մասին, կոչ արեցին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, բայց, այդուհանդերձ, Վանաձորում այդ կուսակցությունների գործունեության մեջ որևէ բան չի փոխվել, առաջինը հենց Մամիկոն Ասլանյանն էր պատասխանել, թե իրենց մոտ որևէ բան չի փոխվել, որ նոր իրողությունները իրենց վրա չեն ազդում, իրենք ընդդիմություն չեն։
Որևէ հոդաբաշխ բացատրություն չէին տվել նաև ՕԵԿ-ից, իսկ ՀՅԴ-ի ներկայացուցիչն արձագանքել էր, որ իրենց մոտ որևէ բան չի փոխվել։ «Այդ հարցը հնչեցնելուց հետո ես հասկացա, որ նոր իրողությունները որևէ կերպ չեն անդրադարձել Վանաձորի վրա։ Պարզ դարձավ, թե մենք ինչ միջավայրում ենք աշխատում։ Եթե նրանց մոտ բան չի փոխվել և իրենք շարունակում են սատարել Մամիկոն Ասլանյանին, դա բավականին լուրջ մեկնաբանությունների առիթ է տալիս»,- ասաց Մարուքյանը։
Նշենք, որ ամեն ինչից զատ, Մամիկոն Ասլանյանի հրաժարականի պահանջը դեռևս միայն քաղաքական շրջանակներում է։ Վանաձորցիները որևէ գործողություն, ակցիա չեն նախաձեռնել։ Քրիստ Մարուքյանի խոսքերով՝ ակցիաներ չկան, քանի որ ավագանիում արտացոլված միջավայրում ցանկացած գործողություն ինքնանպատակ կլինի։
«Մեր կողմից էլ որևէ գործողություն չի նախաձեռնվել, բայց որևէ բան բացառված չէ։ Իրենց ինքնավստահությունը երկար չի տևի, քանի որ իրենք հասկանալու հետ խնդիր ունեն։ Որ պահին որ կհասկանան, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, այդ պահից սկսած էլ կհեռանան։ Պարզապես լավ կլինի, որ շուտ հասկանան, քանի որ ուշ հասկանալը կաշխատի հենց իրենց դեմ»,-եզրափակեց Քրիստ Մարուքյանը։
Նշենք, որ նախօրեին ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը ևս հայտարարեց, որ իրենք Մամիկոն Ասլանյանի հրաժարականը պահանջելու խնդիր չունեն, քանի որ զբաղված են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով։ Մենք պատրաստվում ենք ընտրությունների և թե այդ ընթացքում ով կգա, ով կմտնի, ով հրաժարական կտա, մեզ հետաքրքիր չէ։ Վերջիվերջո, ամեն ինչը ժամանակավոր է։ Անգամ կառավարությունն է ժամանակավոր»,- ասել էր տիկին Բիշարյանը։







































