Բալթիկ ծովում բնապահպանական աղետ է հասունանում։ Այստեղ առաջացել և գնալով ավելի են ընդլայնում իրենց տարածքները այն գոտիները, որտեղ բացակայում է թթվածինը։
Նման եզրահանգման են եկել Գերմանիայի և Ֆինլանդիայի գիտնականները։ Նրանց տվյալներով՝ մեռյալ գոտիների ընդհանուր մակերեսը 70 հազար քառակուսի կիլոմետրի է հասել։
Ընդ որում, մեռյալ գոտիները լքել են ծովային ֆաունայի գրեթե բոլոր տեսակները։
Դրա հիմնական պատճառը, ըստ գիտնականների, կենցաղային, արդյունաբերական և գյուղատնտեսական կեղտաջրերի արտանետումն է։ Դրանց մեջ մեծ քանակությամբ սննդարար նյութեր կան, օրինակ ազոտ և ֆոսֆոր, որոնք ջրիմուռների արագ աճ են առաջացնում։
Երբ ջրիմուռները մահանում են, նրանք իջնում են հատակին, որտեղ դրանց մանրէներն են վերամշակում, որոնք էլ ակտիվորեն ծախսում են թթվածինը։ Ծովն էլ աստիճանաբար այն կորցնում է։
Այս գործընթացը կարելի է դանդաղեցնել, եթե նվազեցվեն կեղտոտող արտանետումները,–պնդում են գիտնականները։
Ընդ որում, որոշ հատվածների վերականգնման համար մի քանի տասնյակ տարի կարող է պահանջվել։












































