Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Ռոբերտ Աղվանյանի գործի դատական քննությունը:
41-ամյա Ռոբերտ Աղվանյանը Սամվել Բաբայանի ու մյուսների գործով անցնող, որոշ ժամանակ հետախուզման մեջ գտնված անձն է, ով ավելի ուշ է հայտնաբերվել, ահա թե ինչու նրա վերաբերյալ քրեական գործից առանձնացված մասով դատական քննությունը առաջին ատյանի դատարանում նոր է ավարտվել:
Ռոբերտ Աղվանյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:
Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատական քննության ընթացքում Ռոբերտ Աղվանյանին հարցաքննել են միայն վերաքննիչ դատարանում:
Գործի մինչդատական վարույթում հաստատված է գնահատվել հետևյալը. Ռոբերտ Աղվանյանը ապօրինի կերպով պահել, փոխադրել, ապա իրացրել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակով ռազմամթերք հանդիսացող հրթիռը:
Ըստ մեղադրանքի՝ 2011 թվականի ընթացքում Ռոբերտ Աղվանյանը հանգուցյալ հոր տունը վաճառելիս խորդանոցում գտել է ապօրինի կերպով պահվող վերոհիշյալ ռազմամթերքը, այն փաթեթավորել է պոլիէթիլենային թաղանթի մեջ, ապօրինի փոխադրել ու գաղտնի պահել է ընկերոջ զոքանչին պատկանող՝ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում գտնվող տան նկուղում:
2017 թվականի փետրվարի 22-ին Ռոբերտ Աղվանյանը, ըստ մեղադրանքի, Թբիլիսիում հանդիպել է իր վաղեմի ծանոթներին՝ Վաղարշապատ քաղաքի բնակիչներ, հետագայում Սամվել Բաբայանի գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանին, մեղադրյալ Հրաչյա Մայիլյանին, ովքեր «Սանասար Գաբրիելյանի հետ նախնական համաձայնությամբ ու Սամվել Բաբայանի դրդմամբ, վերջինիս խոստացած 50 հազար դոլար վարձատրությունը ստանալու ակնկալիքով Վրաստանի Հանրապետության տարածքում փնտրել են «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:
Զրույցների ընթացքում Հրաչյա Մայիլյանից ու Արմեն Պողոսյանից տեղեկանալով նրանց մտադրության մասին, Ռոբերտ Աղվանյանը պատրաստակամություն է հայտնել 38 հազար դոլարի դիմաց իրացնել այդ ռազմամթերքը»:
Վերադառնալով Հայաստան՝ Ռոբերտ Աղվանյանը, ըստ մեղադրանքի, 2017 թվականի մարտի 15-ին ապահովել է ապօրինի պահված ռազմամթերքի փոխադրումը Հայթաղ գյուղի ամայի տարածք, որտեղ հնարավորություն է ընձեռել Հրաչյա Մայիլյանին՝ պլանշետային համակարգչի միջոցով նկարահանել այն՝ պատվիրատուին ցույց տալու համար:
2017 թվականի մարտի 17-ին 4 հազար դոլար կանխավճարի դիմաց նույն գյուղում Ռոբերտ Աղվանյանը ռազմամթերքը փոխանցել է Մայիլյանին՝ ապօրինի իրացնելով այն:
Դատարանում Ռոբերտ Աղվանյանն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար:
Այս գործով, փաստորեն, ռազմամթերք հանդիսացող երկու «Իգլա» է կամովին հանձնվել վարույթն իրականացնող մարմնին: Մեկը կամովին հանձնել է Հրաչյա Մայիլյանը 2017 թվականի մարտի 21-ին, մյուսը ինքնակամ հանձնել է Ռոբերտ Աղվանյանը 2017 թվականի մայիսի 4-ին: Վերջինս հայտնել է, թե հանգուցյալ հոր կողմից պահված է եղել «Իգլայի» երկու արձակման խողովակ: Մեկը նա իրացրել է Հրաչյա Մայիլյանին, վերջինս այն ինքնակամ հանձնել է վարույթն իրականացնող մարմնին, մյուսը՝ իր կողմից պահվածը, Ռոբերտ Աղվանյանն է կամովին ներկայացրել երկու ամիս անց…
Ստացվում է, որ Սամվել Բաբայանի հայտարարությունը դատարանում, թե ինքը գիտի՝ Հրաչյա Մայիլյանի մոտ հայտնված «Իգլայի» արձակման խողովակը ոչ թե Վրաստանից է Հայաստան բերվել, այլ՝ Հայաստանում է եղել՝ ինչ-որ մեկի «գարաժում» պահված, համապատասխանել է Ռոբերտ Աղվանյանի վերաբերյալ քննված գործի փաստական հանգամանքներին…
Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել, որ Ռոբերտ Աղվանյանի խնամքին է վատառողջ հորաքույրը, ինքն էլ վատառողջ է՝ մի շարք հիվանդություններ ունի, բնութագրվել է դրական: Ռոբերտ Աղվանյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանն ի հայտ չի բերել:
Ռոբերտ Աղվանյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 1 տարի 2 ամիս 15 օր ազատազրկման:
Պատժի սկիզբը՝ 2017 թվականի մարտի 27-ից:
Դատավճիռը չի բողոքարկվել և 2018 թվականի հուլիսի 4-ից մտել է օրինական ուժի մեջ:










































