Հայաստանում մարդկանց պատասխանատվության են ենթարկում ոչ թե հարուստ լինելու, այլ անօրինական միջոցներով, հանրային ու պետական ռեսուրսների հաշվին հարստանալու համար: Այն մտահոգությունները, թե իրավապահների գործողությունները վատ կընկալվեն արտաքին ներդրողների շրջանում, իրականում մտացածին են, որովհետև խոսքն օրինականացման, ոչ թե հարստության համար հաշվեհարդարի մասին է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Բացահայտումները և հրաժարականները շարունակվում են: Հ. Բադալյանի դիտարկմամբ՝ հրաժարականները տրամաբանական են. «Բոլորս էլ գիտենք, թե այդ մարդիկ ինչպես են հայտնվել այդ պաշտոններում, հետևաբար պետք է հեռանան, որովհետև Հյաստանում փոխվել է իրավիճակը և կառավարման խաղի կանոնները»:
Է. Վարդանյանի խոսքով՝ հրաժարական տվողները փորձում են որոշակի թատրոն խաղալ, բայց որևէ մեկն այդ թատրոնը չի նայում. «Եվ անհասկանալի է, թե ինչու են խոսում, կարող էին չխոսել, և դրանից ոչինչ չէր փոխվի, որևէ նշանակություն չունի, թե ինչ է ասում հրաժարական տվողը: Բայց բնականաբար բոլոր նման պաշտոնյաները փորձում են օրինական դաշտին բնորոշ բառապաշար օգտագործել, ինչը ծիծաղելի է»:
Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ ԱԱԾ բացահայտումների վերավերյալ տեսանյութերը կարևոր են, քանի որ մարդիկ պետք է հավամոզվեն, որ երկրում բան է փոխվել:
Վարդանյանի դիտարկմամբ՝ սա սովորական պայքար չէ կոռուպցիայի դեմ, հեղափոխության երկրորդ փուլն է. «Այն նվաճումը, ինչ ունեցանք առաջին փուլում, հիմա ամրապնդում ենք, շարունակում ենք հեղափոխությունը: Նոր ինստիտուտների ստեղծումը, օրինականության հաստատումը այս փուլին բնորոշ են: Այսուհետ որևէ մեկը օրենքից վեր չի լինելու»:
Զ. Հովհաննիսյանի խոսքով՝ ստեղծում ենք ժողովրդավարական պետություն, որը մարդու իրավունքների սկզբունքի հիման վրա է լինելու: Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ մարդն ունի արժանապատվություն, որը պետությունը պարտավոր է հարգել:
Մանրամասն՝ տեսանյութում:











































