Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արենի գյուղում «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան՝ նշել է, որ իր մասնակցությունը Բրյուսելում հուլիսի 11-12-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կախված է վերջնական տեքստից։ Վարչապետը հստակեցրել է, որ եթե տեքստում արտառոց որևէ բան չլինի՝ ինքն այդ գագաթնաժողովին կմասնակցի։«Հույս ունեմ, որ ձևակերպումներն ընդունելի կլինեն»,- ասել է Փաշինյանը:
Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է Բրյուսել։ Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Բրյուսելի հայ համայնքի ներկայացուցիցչների հետ։
Ավելորդ է ևս մեկ անգամ արձանագրել, թե ինչպիսի բացառիկ նշանակություն ունի Փաշինյանի այս այցը Հայաստանի արտաքին քաղաքականության համար, հատկապես թավշյա հեղափոխությունից հետո, երբ նոր կառավարությունը դեռ չի բացահայտել իր, այսպես կոչված, արևմտյան քաղաքականության բովանդակությունը:
Նիկոլ Փաշինյանի այսօրվա լակոնիկ պատասխանը, այնուամենայնիվ, որոշ հարցեր ծնում է, համենայնդեպս` չեն փարատվում որոշ մտահոգություններ: Իհարկե դրական է, որ Հայաստանը` առաջին դեմքի մակարդակով, հաստատում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. մինչ այս պահը այդ լուրը շրջանառվել էր ՆՍՏՕ-ի և Եվրամիության պաշտոնյաների կողմից, սակայն բացակայում էր Երևանի պաշտոնական արձագանքը:
Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, չի բացառել իր չմեկնելը Բրյուսել, իհարկե ֆորս-մաժորային հանգամանքների բերումով: Վարչապետը այդպիսին է համարել գագաթնաժողովի վերջնական տեքստը, որում, որպես կանոն, անդրադարձ է լինում նաև հակամարտություններին: Փաշինյանն ահա ակնարկում է, որ եթե այդ տեքստում լինեն հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումներ, ինքը Բրյուսել չի մեկնի:
Շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է ընդունված դիվանագիտական հնարքի և իր այսօրվա հայտարարությամբ փորձել է ՆՍՏՕ-ի գագաթնաժողովի տեքստը զերծ պահել հնարավոր ռիսկերից: Թավշյա հեղափոխությունից հետո էապես մեծացել են Հայաստանի միջազգային հեղինակությունը և սուբյեկտությունը, ու մեր երկրի վարչապետը կարող է իրեն թույլ տալ նման պահանջ ձևակերպել, մանավանդ` Բրյուսելում չեն թաքցնում, որ Փաշինյանը ցանկալի հյուր է, իսկ գործընկերությունը ի սկզբանե ենթադրում է շահերի փոխադարձ, երկուստեք հարգանք:
Սակայն մեդալն ունի հակառակ կողմ, որն արդեն վերաբերում է ոչ թե գագաթնաժողովի բուն տեքստին կամ նրա բովանդակությանը, այլ ռուսական գործոնին: Հատկապես Ղրիմի օկուպացիայից հետո ՆԱՏՕ-ի ցանկացած գործողության, գագաթնաժողովի մեջ Մոսկվան տեսնում է իր շահերի դեմ կատարվող ոտնձգություն:
Մոսկվայում խիստ բացասական են վերաբերում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու Հայաստանի որոշմանը և բոլոր հնարավոր խողովակներով այդ մասին տեղյակ են պահում Երևանին` խնդիրը տեղափոխելով անգամ շանտաժի հարթություն: Սա Մոսկվայի սովորական ձեռագիրն է և լուրջ ահազանգ է այն մասին, որ անգամ հեղափոխությունից հետո Մոսկվան մտադիր չէ փոխել իր հայաստանյան քաղաքականությունը:
Արդյո՞ք Բրյուսելի գագաթնաժողովին մասնակցության հարցում Նիկոլ Փաշինյանի «եթե»-ն պայմանավորված է նաև ռուսական ճնշումներով ու պարտադրանքով, մանավանդ, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում անխուսափելի են Մոսկվայի քաղաքականությունը դատապարտող պարբերությունները, թե՞ Հայաստանին մտահոգում են փաստաթղթի միայն այն հատվածները, որոնք ուղղակիորեն կապ ունեն ԼՂ խնդրի կամ Հայաստանի հետ:
Սա խիստ սկզբունքային հարց է, որի պատասխանը թույլ կտա հասկանալ, թե մինչև հուլիսի 11-ը որքանով է ակտուալ դառնում Նիկոլ Փաշինյանի «եթե»-ն Բրյուսել մեկնելու համատեքստում:






































