Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը գտնում է՝ ընտրություններից առաջ մի շարք խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններ իրենց ներսում պետք է փոփոխություններ կատարեն։
Այսօր «Ավտորիտա՞ր, թե՞ ժողովրդավար. ո՞ր մոդելն են նախընտրում հայաստանյան կուսակցությունները» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ նա տեսակետ հայտնեց, որ այն, ինչ կար 1990-ականներին, հիմա չի անցնում. «Հիմա պետք է գնա քաղաքական դաշտի խոշորացում։ Շատ կուսակցություններ, որոնք որևէ հեռանկար չունեն, պետք է փորձեն միավորվել»։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ նշեց, որ ՀՀԿ, ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները «հոգնած» են. «Գիտության մեջ նման բան կա, որ անգամ երկաթն է հոգնում։ Եթե 30 տարի այդ նույն մարդիկ են եղել, այս երիտասարդությունը, որը գալիս է, նրանք չեն ընտրելու այդ դեմքերին։ Իրենք պետք է հասկանան, որ ժամանակն է՝ փոխվելու։ ՀՀԿ-ն մեծամասնություն է, բայց ինքը փաստացի պարտված կուսակցություն է, ու այնտեղ էլ պետք է բարեփոխումներ լինեն»։









































