«Ես հավատում էի, որ մի օր ապօրինի հարստացողները պատասխանատվության են ենթարկվելու»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
«Ապօրինի հարստացման քրեականացման համար մենք պայքարել ենք շուրջ 10 տարի: Եղել ենք նախաձեռնողը, իսկ իշխանությունը դիմադրում էր: Շատերը քմծիծաղով էին վերաբերվում… Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բարձրացրինք այդ հարցը և կազմակերպեցինք քաղաքացիական հասարակության և կառավարության համաժողով. այնտեղ ելույթ ունենալով՝ ես ասացի, որ կոռուպցիան ստացել է արյան տեսք, որովհետև մենք մի կողմից տեսնում ենք «վայ-գեներալների» շքեղ ապարանքներ, մյուս կողմից՝ սահմանին կանգնած մեր հայրենիքը պաշտպանող զինվորի անօգնական վիճակը՝ նկատի ունեմ և՛ սպառազինությունը, և՛ հագուստն ու սնուննդը… Սա այն գիծն էր, որ իշխանությունների համար վերջին ահազանգն էր»:
Ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքը, ըստ Կ. Զադոյանի, մինչ այժմ չէր կիրառվել: «Առաջին անգամ այս օրենքը կիրառվեց նախկին նախագահի անվտանգության պետի նկատմամբ և եղբոր նկատմամբ. այս երկու դեպքերում էլ կային գումարներ, որոնք չէին հայտարարագրվել, և եթե չլիներ ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքը, նրանց չէին կարող պատասխանատվության ենթարկել»:
«Մենք այս օրենքի հետ մի քանի կարևոր կառուցակարգեր էլ ներդրեցինք, օրինակ՝ դրանցից մեկը հանրային ծառայողների կանխիկ դրամի սահմանափակումն էր, որ 2 միլիոն դրամից ավել բոլոր գործարքները պետք է կատարվեն բանկի միջոցով. ԿԲ-ն արդեն ավելի մեծ գումարները կարող է դիտարկել և տեսնել՝ դրանք կոռուպցիոն հանցագործությունների տարրեր պարունակում են, թե ոչ»,- նշեց Զադոյանը:
«Ժամանակը գնում է. Հայաստանում օլիգարխներ չպետք է լինեն»,- ընդգծեց Իրավաբանների հայկական ասոցացիայի նախագահը:
https://www.youtube.com/watch?v=nngYRPp6hWQ










































