Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին դիմել է Վրաստանի ներկայիս առաջնորդ Գեորգի Մարգելաշվիլիին իրեն երկրի քաղաքացիությունը վերադարձնելու խնդրանքով: Նա նաև խնդրել է թույլ տալ իրեն մուտք գործելու Վրաստան՝ գրում է iz.ru-ն:
«Մարգելաշվիլին կատարյալ վախկոտ է, որովհետև խլել է ինձնից քաղաքացիությունը: Եթե նա տարրական խիզախություն ունի, եթե ինչ որ մարդկային բան ունի, ապա թող վերադարձնի ինձ քաղաքացիությունը»,- հայտարարել է Սահակաշվիլին:
Վրաստանում նախկին նախագահի դեմ մի շարք քրեական գործեր կան հարուցված: Հունիսի 28-ին Սահակաշվիլին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով, իսկ հունվարին դատարանը նախկին նախագահին 3 տարվա ազատազրկման է դատապարտել բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործին ներգրավված լինելու մեղադրանքով:











































