«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը։
Պարոն Մելիքյան, Ադրբեջանը մի կողմից կոշտացրել է ռազմատենչ հռետորաբանությունը, մյուս կողմից սահմանին զորավարժություններ և զորքերի կուտակումներ է անում։ Արդյո՞ք սա ունի ներքին սպառման՝ քարոզչական նշանակություն, թե՞ Դուք տեսնում եք իրական, առարկայակա՞ն պատերազմի վտանգ։
Քանի դեռ Հայաստանում արտահերթ ընտրությունների միջոցով նոր կառավարությունը ձևավորված չի լինի, արցախյան ճակատում պատերազմի վերսկսման վտանգը առավել բարձր մակարդակ կունենա: ՀՀ իշխանական համակարգն այսօր անցումային փուլում է և դրա կայուն ու արդյունավետ աշխատանքը ներքաղաքական վերաֆորմատավորման շրջանում երաշխավորված լինել չի կարող, քանի որ տարբեր օղակների միջև առկա կապերն ու փոխգործակցության սկզբունքներն են նաև ձևափոխման փուլում: Սա մի իրավիճակ է նաև, երբ մեր ռազմական պարտությունը հնարավոր կլինի մեղսագրել ոչ թե Ադրբեջանի հետ փոխգործակցող ինչ-ինչ արտաքին ուժերին և դրանց հետ տասնամյակների ընթացքում սերտաճած մեր նախկին քաղաքական պատասխանատուներին, այլ Նիկոլ Փաշինյանի հետ միասին գործադիր իշխանության լծակներն իր ձեռքն առած նոր թիմին և այդ թիմին իշխանության բերած ժողովրդին: Հայկական զինուժի պարտության և նոր տարածքների հավանական կորուստի կապակցությամբ կասվի՝ Սերժ Սարգսյանի հեռացումն էիք երազում, դե հիմա տեսեք, թե ինչի հանգեցրեց դա ու մի տրտնջացեք՝ ամեն բան ձեր ուզածով է եղել:
Ադրբեջանը հուլիսի 2-6-ը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնելու, որոնցում կներգրավվի մինչև 20 հազար զինծառայող։ Ըստ Ձեզ, ո՞րն է այս զորավարժությունների նպատակը, ի՞նչ խնդիր է դրանով լուծում հակառակորդը։
Զորավարժությունները լավ պատրվակ են շփման գծի մոտակայքում կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կուտակումների առկայությունն արդարացնելու համար, իսկ պատերազմական գործողությունների մեկնարկի պահի ընտրությունը կախված կլինի մի շարք հանգամանքներից: Ելնելով որոշ նկատառումներից, բացառում եմ առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու՝ Ադրբեջանի կողմից հարձակման անցնելու հավանականությունը: Ուստի այդ հանգամանքներից մեկը կարող է նաև Կրեմլի հետ կապված լինել՝ կհամաձայնեն, արդյոք, այնտեղ նրան, որ արցախյան ճակատում լայնածավալ ռազմական գործողությունները սկսվեն նախքան Ռուսաստանում կավարտվեն ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը: Եթե կհամաձայնվեն, ապա ադրբեջանական զորավարժությունները կարող են վերաճել պատերազմի, իսկ եթե ոչ, ապա, հավանաբար, այդ զորավարժություններին մասնակցած զինուժը դրանց ավարտից հետո չի վերադարձվի իր մշտական տեղակայման վայրերն ու կպահվի ճակատային գծի մոտ մինչև ֆուտբոլի առաջնության ավարտը: Ամեն դեպքում հիշենք, որ ռուս-վրացական պատերազմը սկսվեց Չինաստանում Օլիմպիական խաղերի անցկացման օրերին:
ՀՀ ԱԳ նախարարը նախօրեին Բեռլինում իր գործընկերոջ հետ մամլո ասուլիսում նշել է, որ որպես հակամարտության հիմնական կողմ Լեռնային Ղարաբաղը երկարաժամկետ և մնայուն խաղաղ կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն: Ինչ է նշանակում որոշիչ ձայն, արդյո՞ք սա նահանջ է նախկին դիրքորոշումից, ըստ որի, Ստեփանակերտը պետք է լինի կարգավորման լիիրավ կողմ, թե՞ սա Ստեփանակերտին լիիրավ կողմ դարձնելու ճանապարհին արվող հայտարարություն է։
Առայժմ այս կարգի հայտարարություններն անհրաժեշտ է դիտարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվածի համատեքստում՝ Հայաստանը իրավասու չէ բանակցային սեղանի շուրջ ներկայացնելու նաև Արցախի ու արցախահայության տեսակետներն ու իրենով փոխարինել Ստեփանակերտին: Սա խելամիտ և արդարացի մոտեցում է, որը, սակայն, նաև անհրաժեշտ է ամրապնդել Հայաստանի կողմից շրջանառության մեջ դրվելիք նոր ծրագրային դրույթներով:
Նախօրեին ՌԴ ԱԳ խոսնակ Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան դեմ չէ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպմանը, եթե կողմերը դրա շուրջ ձեռք բերեն համաձայնություն։ Կա արդյո՞ք հնարավորություն բանակցային գործընթացը շարունակելու, որևէ առաջընթաց հասնելու համար։
Իմ կարծիքով, այսօրվա մեր կառավարությունն անցումային է՝ ձևավորվել է ոչ թե ընտրությունների միջոցով, այլ քաղաքացիական անհնազանդության ակցիաների ճնշման տակ և չի կարող լիարժեք կերպով ներգրավվել բանակցային գործընթացում: Այս կառավարությունը մեկ գերխնդիր ունի՝ այն պետք է հնարավորինս շուտ ապահովի թափանցիկ, իրավաչափ և արժանահավատ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը: Այդ ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարութունն էլ հենց կունենա բանակցային գործընթացին լիարժեք մասնակցություն ունենալու համար անհրաժեշտ ժողովրդական վստահության մանդատը: Դա չի նշանակում, որ մինչ այդ այսօրվա պատասխանատուները պետք է այս հարցում ձեռքները ծալած նստեն. առնվազն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և աշխատակազմի մակարդակում Հայաստանի նոր բանակցային մոտեցումների մշակման աշխատանքը պետք է դրվի լրջագույն մասնագիտական հիմքերի վրա:
Արցախում ներքաղաքական լարվածության աճ գրանցվեց, որից հետո նախագահ Բակո Սահակյանը նոր պետնախարար նշանակեց, նաև խոստացավ, որ չի առաջադրվելու 2020թ. կայանալիք ընտրություններում։ Ինչպե՞ս Արցախի ներքաղաքական իրավիճակը կազդի ղարաբաղյան կարգավորման վրա։
Այն կարծիքին եմ, որ Արցախում ևս ներքաղաքական և կադրային փոփոխություններն անհրաժեշտ են, բայց կնախընտրեի, որ այնտեղ դրանք տեղի ունենան Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրությունների արդյունքում նոր կառավարության կազմավորումից հետո միայն:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնում է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել, մինչդեռ տարբեր ՌԴ պետդումայի խոսնակ Վոլոդինի այս շաբաթ Բաքվում արած հայտարարությունը կարծես հակառակի մասին է վկայում։ Ինչ կասեք այս մասին։
Ես ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի և Պետդումայի խոսնակ Վոլոդինի ասածների միջև հակասություն չեմ տեսնում: Մադրիդյան սկզբունքները հակամարտության կարգավորումը դիտարկում են որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ծայր առած տարածքային վեճ, ու պաշտոնական Երևանն ինքն է համաձայնել այս որակմանը: Ադրբեջանի կողմից պաշտոնական Երևանի առաջ քաշած նախապայմանի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու դեպքում Հայաստանը պատրաստ է եղել հակառակորդի վերահսկողությանը հանձնել «անվտանգության գոտի» կոչվածը: Խնդիրն, այս պարագայում, ռուսների մոտեցումները չեն՝ ՀՀ իշխանություններն իրենք են այս քաղաքական ծուղակը լարել մեզ համար:
Հայաստանի նոր իշխանությունների պարագայում բանակցային գործընթացն ակտիվացնելու շանս է ստեղծվել, վարչապետ Փաշինյանն էլ ընդգծում է խնդիրը բացառապես քաղաքական ճանապարով լուծելու անհրաժեշտությունը, միաժամանակ շեշտում, որ եթե Ադրբեջանը գնա ռազմական բախման, լուրջ խնդիրներ կունենա։ Ո՞րն է Հայաստանի նոր իշխանությունների անելիքը՝ բանակցային գործընթացն ակտիվացնելու հարցում։
Իրավիճակում մեզ անհրաժեշտ դրական բեկումն արձանագրելու համար անհրաժեշտ է համապատասխան կոնկրետ քայլերի ծրագիր գործարկել, որը բացի զուտ դիվանագիտական, քաղաքական հայտարարություններից կպարունակի նաև մի շարք կարևոր իրավաքաղաքական և տնտեսական տարրեր: Այս պահին ավելին ասելը նպատակահարմար չեմ գտնում:











































