Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր լրագրողների հետ զրույցում չի ցանկացել խոսել իր հրաժարականի պատճառների մասին:
Դատախազության 100-ամյակին նվիրված միջոցառումից առաջ լրագրողների հարցին ի պատասխան՝ Աղվան Հովսեփյանն ասել է. «Հիմա ես ազատ մարդ եմ, կարո՞ղ եմ չպատասխանել»:
Իհարկե, Աղվան Հովսեփյանի պարագայում ազատության եզրույթը խիստ հարաբերական է. եթե նա նկատի ունի այն, որ այլևս պետական պաշտոնյա չէ և պարտավոր չէ հաշվետու լինել հասարակությանն, ապա ճիշտ է զուտ տեսականորեն, այսպես ասած` դասագրքային մակարդակով:
Աղվան Հովսեփյանն այն դեպքն է, որին պաշտոնից հրաժարումը չի ազատում պատասխանատվությունից: Նա շարքային պաշտոնյա չի եղել և անցած քսան տարիներին գլխավոր դատախազի և քննչական կոմիտեի նախագահի պաշտոններում խորհրդանշել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի արյունոտ ռեժիմները: Ավելին` Հովսեփյանը հենց այն կադրերից մեկն է, որը խորհրդանշում է Քոչարյանի և Սարգսյանի իշխանությունների մենթալ, քաղաքական ընդհանրությունը: Աղվան Հովսեփյանը քրեաօլիգարխիկ համակարգի «պահապան հրեշտակն» է` բոլոր առումներով. մի կողմից նա այն քչերից է, որոնք ապահովել են դրա ժառանգականությունը, տրանսֆորմացիան, մյուս կողմից` Աղվան Հովսեփյանը քրեաօլիգարխիային հետևողականորեն պաշտպանել է հասարակության, ընդդիմության «հարձակումներից»:
Աղվան Հովսեփյանի պաշտոնավարումն այն ինդիկատորներից մեկն է, որը վերացրեց արժեքային, որակական տարբերությունները Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունների միջև:
Մարտի 1-ի ոճիրը համակարգաստեղծ հանցագործություն է` առնվազն այն իմաստով, որ նոր ստատուս-քվո հաստատեց քրեաօլիգարխիայի ներսում, համակարգի և հասարակության հարաբերություններում: Դրա, այսպես կոչված, իրավական մասն ապահովել է Աղվան Հովսեփյանը` հնարավորություն տալով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը հանգիստ վայելի իր թալանը, իսկ Սերժ Սարգսյանի շրջապատն` անսահմանափակ իշխանության պտուղները:
Ռոբերտ Քոչարյանն ուղղակի պատասխանատու է Մարտի 1-ի համար, որովհետև նա է տվել խաղաղ ցուցարարներին կրակելու հրաման: Սերժ Սարգսյանն ուղղակի պատասխանատու է Մարտի 1-ի համար, որովհետև գիտակցված արյունոտ իշխանության էստաֆետը վերցրել է Ռոբերտ Քոչարյանից` իր նախագահությունը ստանձնելով տաս անմեղ մարդկանց դիակների վրայով: Աղվան Հովսեփյանն ուղղակի պատասխանատու է Մարտի 1-ի համար, որովհետև նրա ղեկավարած դատախազությունն ամբողջովին նենգափոխել է նախաքննության ընթացքը` պատսպարելով հանցագործներին և ճաղերի հետևում պահելով ընդդիմադիր գործիչներին: Այլ խոսքով` Հովսեփյանն իրավական փաթեթավորում է տվել իշխանության յուրացման փաստին` դառնալով իշխանությունը Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանին փոխանցելու արյունոտ գործարքի «նոտարը»:
Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Աղվան Հովսեփյանի ազատությունը հարաբերական է. նրանք այսօր կարող են խուսափել լրագրողներից, բայց վաղը ստիպված են լինելու պատասխանել քննիչների հարցերին, ընդ որում` մեղադրյալի կարգավիճակում:
Լուսանկարը՝ 2rd.am-ի









































