Ըստ Հայաստանի միգրացիոն պետական գործակալության հրապարակած ցուցանիշների՝ 2018թ-ի մայիսի տվյալներով Հայաստանից մեկնածների և ժամանածների հաշվեկշիռը դրական է, այսինքն՝ Հայաստան է ժամանել մոտ երեք հազարով ավելի մարդ, քան մեկնել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Այս կապակցությամբ ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թավշյա հեղափոխությունից մեկ ամիս անց հայրենադարձության մասին խոսելը դեռևս վաղ է՝ որոշակի ժամանակ է հարկավոր՝ հասկանալու, թե առաջիկա գործընթացներն ինչպես են ընթանալու։
«Կարծում եմ մեկ տարի հետո նոր կերևա, թե իշխանափոխությունն ինչպես անդրադարձավ արտագաղթի ցուցանիշների վրա․ օրինակ՝ Վրաստանում, երբ տեղի ունեցավ «Վարդերի հեղափոխությունը», ապա 2005-2007թթ-ին Վրաստանում միգրացիոն մեծ ներհոսք տեղի ունեցավ, մարդիկ սկսեցին վերադառնալ Վրաստան և 3 տարվա ընթացքում նրանք ունեցան մոտ 120 հազարի չափով միգրացիոն դրական սալդո, այսինքն մարդիկ սկսեցին հավատալ Վրաստանի նոր իշխանություններին և հետ վերադարձան և հիմա շատ ցանկալի է, որ այդպիսի ներհոսք մենք ունենանք Հայաստանում, բայց դրա համար ժամանակ է պետք»,- ընդգծեց ժողովրդագետը։
Վերջինիս խոսքերով՝ կառավարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, փոխի սոցիալ-տնտեսական միջավայրը, դրական փոփոխություններ մտցնի հանրային կյանքի տարբեր ոլորտներում և այդ պարագայում շատերը հոժարակամ կվերադառնան։
«Մեծ չափով հայրենադարձություն ապահովելու համար անհրաժեշտ են կոնկրետ արդյունքներ․ մարդիկ պետք է հասկանան, որ իրենք գալով այստեղ կունենա տնտեսական այն ցուցանիշները, որոնք իրենք ունեին դրսում ապրելով։ Ինչ խոսք, հասկանալի է, որ նրանք այդպիսի ակնկալիքներ չունեն, որ տնտեսական վիճակը Հայաստանում կլինի այնպես, ինչպես ԱՄՆ-ում, Ռուսաստանում կամ եվրոպական երկրներում, բայց նրանք պատրաստ են կայուն եկամուտներ, իրական բարեփոխումներ, նորմալ ցուցանիշներ արձանագրելով այստեղ՝ վերադառնալ, հետևաբար հիմա ամեն ինչ կախված է կառավարության աշխատանքից»,- շեշտեց Արտակ Մարկոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










































