Թավշյա հեղափոխությունից հետո, իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, փոխվեցին նաև մարզպետները, որից հետո փոփոխությունների ալիքը հասավ քաղաքապետներին։ ՀՀԿ-ական մի քանի քաղաապետներ՝ Ամավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեցին, թեև ավելի վաղ հայտարարում էին, թե ոչ մի պարագայում հրաժարական չեն տա, քանի որ իրենք ընտրված քաղաքապետներ են։
ՀՀԿ-ական որոշ քաղաքապետներ էլ, օրինակ, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը շտապեց հայտարարել, որ ինքը խնդիր չի տեսնում նոր իշխանությունների հետ աշխատելու մեջ և շատ նորմալ պատկերացնում է համագործակցությունը։
Իսկ սկանդալային պայմաններում ընտրված Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձեն-ծպտուն չի հանում։ Մինչդեռ հրաժարական տվողներից առաջինը հենց նա պետք է լիներ, հաշվի առնելով, թե ինչ խայտառակ պայմաններում նա ընտրվեց քաղաքապետ։
Մամիկոն Ասլանյանի հրաժարականը պահանջել չի պատրաստվում նաև ՕԵԿ-ը, որի գործուն աջակցությամբ էլ Մամիկոն Ասլանյանը դարձավ քաղաքապետ։ Թեև մոտ մեկ ամիս առաջ ՕԵԿ ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Հեղինե Բիշարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ երկրում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել և փոփոխություններ պետք է լինեն նաև տեղական ինքնակառավարման մարմիններում։
«Հիմա գործընթաց է ընթանում, և պետք է այդ գործընթացին համահունչ անդրադարձ լինի նաև մարզերում, համայնքներում։ Այդ անդրադարձի արդյունքում զերծ չի մնա նաև Վանաձորը։ Չգիտեմ՝ նոր քայլեր անելը հիմա որքանով է տեղին, պետք է սպասել համահունչ փոփոխություններին»,- ասել էր Բիշարյանը։ Վերջինս, սակայն, այսօր մեզ հետ զրույցում վրդովվեց, թե ինչու ենք Վանաձորի քաղաքապետի հրաժարականի հարցով իրենց դիմում։
Եվ հետո իրենք այս պահին զբաղված են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով և ոչ մեկի հրաժարականը հիմա իրենց օրակարգում չկա։ «Հաշված օրերից երկրում արտահերթ ընտրություններ են լինելու։ Ընտրությունները լուրջ հիմք են երկրում փոփոխությունների համար։ Մենք գնում ենք ընտրությունների և դրանից 5 օր առաջ իմիտացիաներ անել, ինչ-որ երանգավորված գործընթացներ սկսելը միշտ չէ, որ ընդունելի են։
Մենք պատրաստվում ենք ընտրությունների և թե այդ ընթացքում ով կգա, ով կմտնի, ով հրաժարական կտա, մեզ հետաքրքիր չէ։ Վերջիվերջո, ամեն ինչը ժամանակավոր է։ Անգամ կառավարությունն է ժամանակավոր»,- ասաց տիկին Բիշարյանը՝ հավելելով, որ Վանաձորի քաղաքապետը ինքը չէ, որ որոշի՝ հրաժարական տալ, թե ոչ։
Մեր դիտարկմանը, թե Վանաձորի քաղաքապետը ընտրվել է իրենց կուսակցության գործուն և ստվերային աջակցությամբ, Բիշարյանը նկատեց. «Ես հասկանում եմ, թե դուք ինչ եք ասում։ Տղաները «Հայկական վերածնունդից» գնացել են աշխատելու, բայց դա չի նշանակում, որ իրենք են այդտեղ որոշել, իրենց ձեռքն է եղել որոշում կայացնելը։ Քաղաքապետի հրաժարականն եք ուզում, դիմեք քաղաքապետին»,- ընդգծեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը։
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը մինչև երկրում իրավիճակի փոփոխությունը սիրալիր պատասխանում էր լրագրողների հեռախոսազանգերին, այսօր այդպես էլ չխոսեց մեզ հետ։ Նրա անձնական հեռախոսին ամբողջ օրը պատասխանում էր մի երիտասարդ՝ նշելով, որ Ասլանյանը «Վանաձորից դուրս էկած ա, Երևանում ա, հեռախոսն էլ թողել է Վանաձորում»։
Վանաձորի ավագանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը քաղաքապետի փոփոխությունը անհրաժեշտություն է համարում։ Նրա խոսքերով՝ եթե նախկինում, հաշվի առնելով իր ընտրության խայտառակությունը, նա պետք է հրաժարական տար, ապա հիմա, երկրում իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, Մամիկոն Ասլանյանի հրաժարականը դարձել է այսրոպեական խնդիր և անհրաժեշտություն։
Լուսանկարը՝ Photolure-ի











































