ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք պետքարտուղար Պոմպեոյի և նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման մասին տեղեկությունը: Հանդիպումը լինելու է պետքարտուղարությունում: Ամերիկյան կողմը հաստատելով տեղեկությունը, չի շեշտել, որ հանդիպումը «քաղաքավարական» է, ինչպես նշել էր Հայաստանի նախագահի նստավայրի երեկ տարածած հաղորդագրությունը:
Բոլոր դեպքերում հանդիպումն ուշագրավ է ու թերևս կարևոր, հաշվի առնելով անվտանգային այն խնդիրները, որ Ադրբեջանը ներկայումս կուտակում է տարածաշրջանում:
Այս պարագայում Միացյալ Նահանգների հետ աշխատանքը հույժ կարևոր ուղղություն է, որ պետք է համադրվի Ռուսաստանի հետ աշխատանքին: Այս իմաստով այն, որ ամերիկյան կողմը փաստորեն պատրաստակամություն է հայտնել հանդիպման, զգալի նշանակություն ունեցող հանգամանք է, որը վկայում է, որ Նահանգները պատրաստ է Հայաստանի հետ քննարկումների:
ԱՄՆ տրամադրվածությունն այդ հարցում շատ կարևոր է: Ինչքան էլ կովկասյան տարածաշրջանը, անխոս, դիտարկվում է անվտանգության առումով Ռուսաստանի ռեգիոալ պատասխանատվության գոտի, այդուհանդերձ աներկբա է, որ այստեղ վճռորոշ նշանակություն ունեցող գործոն է ԱՄՆ վերաբերմունքը:
Բանն այն է, որ առանց Միացյալ Նահանգների աջակցության, Ռուսաստանն ի զորու չէ միայնակ իրականացնել անվտանգության պատասխանատուի գործառույթները: Խնդիրը լայնամասշտաբ ռազմական վտանգների տիրույթում չէ միայն, քանի որ անվտանգությունը պետք է դիտարկել նաև լոկալ սադրանքների համատեքստում, հատկապես ունենալով Ապրիլյան քառօրյայի օրինակը:
Այդ քառօրյան այլ բան չէր, քան Ռուսաստանի պատասխանատվության տապալում՝ գիտակցված, թե ոչ, այլ հարց է, սակայն սկզբունքորեն դա տապալում էր: Եվ այդ իմաստով ապրիլյան դասերից պետք է լիներ կամ լինի այն, որ անվտանգության հարցերում Ռուսաստանի հետ երկխոսությունից բացի, հայկական կողմը ունի ԱՄՆ-ի հետ ինտենսիվ երկխոսության անհրաժեշտություն:
Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն արտաքին քաղաքական առումով առայժմ կենտրոնացած է Ռուսաստանի վրա: Սա իհարկե հնարավոր է հասկանալ և պատկերացնել բուն շարժառիթները, այդ թվում նաև այն առումով, որ զուտ անվտանգության խնդրի տեսանկյունից ռազմա-տեխնիկական առումով Հայաստանի առայժմ անփոխարինելի գործընկերը Ռուսաստանն է:
Կա իհարկե քաղաքական հանգամանքը, քանի որ Հայաստանի նոր իշխանությունը դեռ ունի Ռուսաստանի, այսպես ասած, կասկածները ցրելու անհրաժեշտություն, հատկապես այն դեպքում, երբ կա, օրինակ, Հայաստանում քաղաքական ու տնտեսական հավակնություններ ունեցող ռուսաստանահայ օլիգարխիան, որը գործնականում հույս ուներ ինքը լինել թավշյա հեղափոխության հաղթողը՝ ապրիլի 23-ից հետո:
Այդ ամենով հանդերձ, Հայաստանի նոր իշխանությանը ժամանակն է աշխատել Արևմուտքի ուղղությամբ, մասնավորապես ԱՄՆ ուղղությամբ և իրացնել թավշյա հեղափոխության գլխավոր, առանցքային կապիտալը՝ ժողովրդավարությունը, օրինականությունը, քաղաքացիական ազատությունը, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի քաղաքակրթական կռվանը, որը անվտանգության գլոբալ համատեքստն է Հայաստանի ու Արցախի համար:
Մայք Պոմպեոյի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումը կարևոր է այս տեսանկյունից և առաջին հերթին հենց այն առումով, որ ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է հանդիպման պատրաստակամություն, եթե այն լինի նույնիսկ «քաղաքավարական»: Ի վերջո, տողատակում այն անշուշտ «քաղաքակրթական» է, քանի որ առաջինն է Հայաստան-ԱՄՆ պաշտոնական մակարդակում՝ Հայաստանում փոփոխություններից հետո, ու նաև առաջինն է՝ Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ: Ուշագրավ է, որ այդ հանդիպումից առաջ ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնում լսել Հաաստանին:












































