59-ամյա Կարլո Մասետիին հաջողվել է մեկ ամսում երեք անգամ խոշոր գումար շահել։ Սիդնեյ քաղաքում բնակվող տղամարդը (Նոր Ուելս, Ավստրալիա) ասել է, որ կարող էր հրաժարվել առաջին շահող տոմսը գնելուց, քանի որ իրեն դուր չեն եկել թվերը։
Սակայն վաճառողը համոզել է նրան՝ գործնականում ստիպելով հենց այդ տոմսը գնել։
Վիճակախաղի ներկայացուցիչները հայտնում են, որ Կարլոն նախ մեկ շաբաթվա ընթացքում երկու շահող տոմսի շնորհիվ շահել է 2․5 մլն ավստրալական դոլար։ Շուտով տղամարդը ևս մեկ տոմս է գնել՝ 48 հազար ավստրալական դոլար ստանալով։

Տղամարդը որոշել է բարձրաձայնել իր անունը՝ բարեգործական նպատակով խոշոր գումար նվիրաբերելու համար։ Նա 50 հազար դոլար նվիրել է Սուրբ Վինսենտ հիվանդանոցի սրտի և թոքերի հիվանդությունների բուժման բաժանմունքին։
«Ես շատ եմ հարգում այդ հիվանդանոցը և ուրախ կլինեի օգնել, ինչով կարող եմ»,-հայտարարել է տղամարդը։








































