Հարկային օրենսգրքի փոփոխություններով՝ 2019թ.-ի հունվարի 1-ից նախատեսված է շրջանառության հարկի շեմը 115 միլիոն դրամից դարձնել 58.35 միլիոն դրամ։
Շրջանառության հարկի շեմի նվազեցումն ի՞նչ խնդիրներ է առաջացնելու ՓՄՁ սեկտորի համար՝ հարցին ի պատասխան «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ստացվում է, որ կա այնպիսի օրենսդրություն, որի պատճառով բիզնեսմենը միշտ պետք է աշխատի ստվերի դաշտում, այսինքն՝ ի սկզբանե օրենսդրությունն այնպիսին է, որ գործարարը չկարողանա աշխատել սպիտակ դաշտում: Նախորդ կառավարության ժամանակ երբ ընդունվեց այս փոփոխությունը, ես համարում էի, որ դա արվեց, որպեսզի կոռուպցիան զարգացնեն, կոռուպցիան ծաղկեր, և որ ՊԵԿ-ի տեսուչը կարողանար մտնել գործարարի մոտ և իր գումարը ստանար-դուրս գար, բայց հիմա արդեն այս նոր իրողությունների մեջ, ներկա կառավարության պայմաններում ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե որն է պատճառը, որ պահվում է շրջհարկի այդ շեմը, չի վերանայվում այդ փոփոխությունը, նոր կառավարության այս մոտիվացիան ես չեմ կարողանում հասկանալ։
Մեր ուզածն ի՞նչ է՝ թողնենք, որ բիզնեսը հանգիստ աշխատի՞, թե՞ բիզնեսը հնարավորություն չունենա աշխատելու։
Այսօրվա դրությամբ մեր օրենսդրությունն ահավոր բարդ է, ահավոր շատ խութեր ու թաքնված կողմեր ունի, այսինքն՝ այս փոփոխությամբ մենք էլի բերում ենք նրան, որ բիզնեսը փախչի դեպի ստվեր, խուսափի մաքուր դաշտում գործելուց ու փորձի խաբել պետությանը: Այս փոփոխությամբ՝ ստվերային շրջանառությունը, վստահաբար կարող եմ ասել, չի պակասելու, կամ էլ ունենալու ենք համատարած տուգանվող մանր բիզնես»։
Սամսոն Գրիգորյանը հավելեց նաև. «Այսօրվա դրությամբ մեր պետական ֆինանսական սեկտորն իր առջև խիստ կոպիտ խնդիր է դրել՝ հարկերի և եկամուտների մաքսիմալ հավաքագրում, բայց նման սիստեմով մենք չենք կարող շատ առաջ գնալ, որովհետև միայն հարկ ակնկալելը գործարարից, առանց ոչինչ տալու, ճիշտ համարվել չի կարող. պետության գերխնդիրը չպետք է լինի հարկահավաքությունը ու ինչքան հնարավոր է՝ շատ գումար քերթել-հավաքելը, որ դրանով միջազգային պարտքերը փակեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։








































