«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը։
–Պարոն Եղիազարյան, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո կառուցվածքային և կանոնադրական առումով միության հետագա գործունեությունը հարցականի տակ է։ Մի քանի օր առաջ ազատամարտիկները, ԵԿՄ–ականները հավավքվել էին և որոշում կայացրել հունիսի 24-ին համագումար անցկացնել, որին իրենց մասնակցությունն են ունենալու բոլոր այն ազատամարտիկները, որոնք այս տարիների ընթացքում ինչ–ինչ պատճառներով հեռու են գտնվել։ Դուք պատրաստվո՞ւմ եք որևէ կերպ մասնակցություն ունենալ ԵԿՄ հետագա գործունեությանը։
-Խոսքս այսպես սկսեմ։ Քանի որ հեղափոխությունից հետո նոր թարմություն է մտել, ես ուզում եմ՝ ազատամարտի մանակիցների մոտ ևս թարմություն լինի։ Ազատամարտի ոգին պետք է պահել, որովհետև մենք պատերազմի մեջ ենք և կամավորները կարող են ջահ դառնալ այդ պայքարը շարունակելու համար, մարտի գնան։ Մի մոռացեք՝ ապրիլյան պատերազմի ժամանակ թվով ինչքան ազատամարտիկներ մասնակցում էին պատերազմին։ Այդ մարդիկ ի վիճակի էին մի քանի կիլոմետր փակել և այս տարիքում կարող են պիտանի լինել։ Որպես պատերազմող երկրի քաղաքացի՝ այդ տղաների անունը, հեղինակությունը, պետք է պահվի, քանզի պատերազմը չի ավարտվել։ Արցախում վիճակն անհանգիստ է։ Իսկ ինչ մնում է ԵԿՄ-ին, կարող եմ ասել, որ կարելի է մեկ ուրիշ անուն դնել, ուրիշ միություն ստեղծել և այն մարդիկ, ովքեր իսկականից կարող են անձնվեր լինել, նրանց հավաքել մի տեղ ու ստեղծել մի նոր ազատամարտի պատկեր։
–Դուք պատրաստվո՞ւմ եք մասնակցել ԵԿՄ համագումարին կամ հետագա գործունեությանը և, ինչու ոչ, ներկայացնել Ձեր տեսլականը միության կառուցվածքային փոփոխությունների շուրջ։
-Ես չեմ լինելու։ Ես իմ խոսքը ասել եմ։ Ինչ իմաստ ունի առանին-առանձին գնալ մի բան ասել։ Եթե մամուլից տեղեկանան իմ կարծիքի մասին և դա ոչ մի արդյունք չկա, ի՞նչ իմաստ ունի գնալ այնտեղ ասել, ի՞նչ պետք է փոխվի։ Դրա համար ես ձեռնպահ եմ մնում։ Այնտեղ հավաքված մարդկանց մի մասն էլ է մեղավոր, որ երկրապահն այս վիճակի մեջ է։ Չկարծեք՝ այնտեղ բոլորը հրեշտակներ են։ Խոսքս՝ վարչության մասին է։ Դրա համար ես չեմ ուզում խառնվել։ Ես այն մարդը չեմ, որ գնամ ասեմ՝ տեսեք, եկել եմ։ Ես իմ կարծիքը հայտնում եմ, մնացյալն՝ Աստված իրենց հետ։
–Այսինքն՝ ես ճիշտ հասկացա՝ Դուք ԵԿՄ ոչ մի դեպքում ներկայություն չե՞ք ունենա ինչպիսին էլ դրա ֆորմատը լինի։
-Այո, Դուք շատ ճիշտ հասկացաք։ Ես ոչ մի բանի չեմ մասնակցի, ինչպես տարիներ շարունակ չեմ մասնակցել։ Ես լրիվ ուրիշ ձև եմ պատկերացնում ազատամարտի այդ հավաքատեղին։ Ես պատկերացնում եմ, որ կա հարգանք, պատիվ, ուրախության ու տխրության արագ արձագանքում, նվերներով, մեծարումով և այլն։ Հասկանում եք՝ ազատամարտի ամեն մի մասնակից պետք է հասականա, որ ինքը ապրում է, ուշադրության կենտրոնում է, ոչ թե տարին մեկ անգամ ինչ-որ բան տանք ասենք՝ գիտեք, դուք ազատամարտի մասնակից եք։ Այսօր «Արաբո» կազմակերպությունը համարյա 20 տարեկան է։ Հունիսի 29-ին միջոցառում ենք անելու մեր անհայտ կորած զինվորների վերաբերյալ։ Մենք անպայման փորձելու ենք շոշափելի օգնություն ցույց տալ մեր անհայտ կորածների ընտանիքներին, սգո սեղան է լինելու, աշխարհով մեկ բարձրաձայնելու ենք, որ այս մարդիկ անհայտ կորան հանուն մեր հայրենիքի։ Նրանց ծնողները, գիտեք, ինչքան լավ են զգում իրենց, որ իրենց որդիների մասին նման բարձր կարծիք կա։
–Պարոն Եղիազարյան, ինչո՞ւ չեք փորձում կամ չեք ուզում ձեր ներդրումն ունենալ՝ ստեղծել ազատամարտիկների նոր միություն, որը իրապես կոչված կլինի երկիրը պահել։
-Պատճառն այն է, որ քաղաքական իրավիճակում գուցե այդպիսի պահանջարկ դեռ չկա։ Պարզ ասեմ , ես այն մարդը չեմ, որ ոլոր-մոլոր քայլել, ես զինվորական եմ ի ծնե։ Գուցե պահանջարկը չկա, որ ձևավորվի այդ կառույցը։ Մենք միջոցներ չունենք․ գիտեք, <Արաբո>-ն էլ պահվում է մեր ընկերների շնորհիվ։ Միջոցներ են հարկավոր նման կառույց պահելու համար։ Վաղը կամ մյուս օրը թե կլինի, չգիտեմ։ Դրա համար եմ ձեռնպահ մնում։ Ես չեմ ուզում առաջնորդել, հետո ասեմ՝ վայ, չստացվեց, սա էր մեղավոր կամ նա։ Կարող եմ ասել, որ «Արաբո»-ն, եթե այսօր կա, դա մեր աշխատասիրության արդյունքն է, մենք մեր ազնվության շնորհիվ ենք պահել։ Չեմ ուզում ասեն՝ ինքնագովեստով ենք զբաղվում, բայց շատ ժամանակ մենք մեր երեխաներին զրկել ենք, որ այս կամ այն իրավիճակը պահենք, ֆիլմ նկարահանենք, ծաղիկ դնենք և այլն։ Այդպիսին պետք է լինի ղեկավարները, որոնք կհավաքվեն կլոր սեղանի շուրջ, առանց նախագահի։ Ես այդպես եմ պատկերացնում ազատամարտիկների միությունը։
–Եվ վերջում, Ձեզ համար անակնկա՞լ էր իրավապահների բացահայտումները Մանվել Գրիգորյանի շուրջ, նրա տարածքներից հայտնաբերված ապրանքները, ապրիլյան պատերազմի ժամանակ դիրքեր ուղարկված հագուստը, սնունդը, և վերջապես զենք զինամթերքը։
-Անսպասելի՞։ Դուք դեռ այնպիսի բաների եք ականատես լինելու, որ այդ բացահայտումները կաթիլ են թվալու ամբողջ ծովի մեջ։ Դուք կարծու՞մ եք մենք խելագար էինք, որ անընդհատ թմբկահարում էինք, որ թալանում են, գողանում են, բավական է, վերջ տվեք։ Մենք դա տարիներ շարունակ ասել ենք։ Ոչ մի բան բացարձակապես զարմանալի չէր։ Միայն զարմանալի էր այն, որ ապրիլյան օգնության արկղերը, փոքրիկ, միջոցները հայտնվել են այդ պահեստներում։ Այդքան էժանանալ պետք չէր։ Բայց մարդիկ այնպիսի թալաններ են արել․․․ Մարդիկ կան, որ միլիարդներ են գողացել, դրամով չէ, դոլարով։ Այդ նրանք պետք է մատնացույց արվի։ իսկ այստեղ բարոյական պատկերն էր սարսափելի ցածր։ Դու վերցնում ես Գյումրիից սովամահ լինող մարդկանց ուղարկած օգնությունը և քո պահեստներում պահեստավորում։ Սարսափելի է։ Ինչքան ցածրություն։ Ու պատկերացնում եք՝ այդպիսի ցածր որակով մարդիկ են մեզ ղեկավարել տարիներ շարունակ, մեր բանակը, մեր միությունները, մեր պատկերը ներկայացրել հանրությանը, աշխարհին։ Դրա համար մենք այս օրին ենք հասել։ Մարդիկ կամա թե ակամա, արդեն չգիտեն ու՞մ նմանվեն՝ լավի՞ն, թե՞ վատին։ Վատն այսօր լավ է ապրում, հարցեր է լուծում, իսկ լավն ո՞վ է՝ սոված, հալածված, երեխա կրթել չկարողացողն է։ Փառք աստծո, գոնե մեր երիտասարդությանն իսպառ չփչացրին։ Այնքան գործ կա անելու։ Եվ այստեղ բնավ հարցը ԵԿՄ-ն չէ, այստեղ հարցը պատկերն է։ Ինչ անուն ուզում ես դիր, միայն այնպիսի պատկեր կերտիր, որ դրանով սերունդներ առաջնորդվեն, զինվորը սուր վերցնի։ Մարդիկ պետք է ուզենան գոնե մի քիչ նմանվել այս կամ այն գեներալին, ֆիդայապետին, հրամանատարին։ Այդպես են հաղթանակ տանում և այդպես են ազգերն ապրում ՝ դուրս չմնալով պատմության թատերաբեմից։











































