Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը պատրաստ է և այն ղեկավարելու է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Հանձնաժողովը պետք է մշակի ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը և համապատասխան օրենսդրական նախագծերը։ Արարատ Միրզոյանը նաև կղեկավարի ընտրական օրենսդրության բարեփոխումների շուրջ քննարկումներ կազմակերպումը ՀՀ Ազգային ժողովում ներկայացված, ինչպես նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ներգրավել նրանց հանձնաժողովի աշխատանքներում։
ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը տվել են համաձայնությունը մասնակցելու ԸՕ-ի նախագծի կազմման աշխատանքներին։ Յուրաքանչուր խմբակցությունից 3 հոգի է մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։ Դրանից բացի՝ սահմանվել է նաև հանձնաժողովի անհատական կազմը․
Արարատ Միրզոյան – ՀՀ առաջին փոխվարչապետ (Խորհրդի նախագահ)
Արտակ Զեյնալյան – ՀՀ արդարադատության նախարար
Սուրեն Պապիկյան – ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Հովհաննես Քոչարյան – ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Տիգրան Մուկուչյան – ՀՀ ԿԸՀ նախագահ
Նունե Հովհաննիսյան – ՀՀ ԿԸՀ անդամ
Դանիել Իոաննիսյան – «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող (Խորհրդի քարտուղար)
Սոնա Այվազյան – «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն
Վարդինե Գրիգորյան – Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող
Համազասպ Դանիելյան – ընտրական գործընթացների փորձագետ
Աղասի Եսայան – ընտրական գործընթացների փորձագետ
Վահագն Հովակիմյան – ընտրական գործընթացների փորձագետ
Արտախորհրդարանական ուժերը համաձայն և պատրաստական են հրավերի դեպքում մասնակցել ԸՕ-ի նախագծի շուրջ քննարկումներին։
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ոչ միայն համաձայն են, այլև արդեն 13 կետանոց հստակ առաջարկություններ են ներկայացրել։
Ժառանգությունը մասնավորապես առաջարկում է․
1. Ընտրակաշառքի և ընտրական նպատակ հետապնդող բարեգործության անվան տակ կատարվող նվիրատվությունների ու ծառայությունների իսպառ վերացման համար ընտրակաշառքն ու ընտրակաշառքին հավասարեցված հանցագործությունները պետք է դասվեն ծանր հանցագործությունների շարքին՝ սահմանելով ազատազրկում 5-8 տարի ժամկետով: Վերոնշյալ դրույթը կյանքի կոչելու համար համապատասխան փոփոխությունները կատարել նաև ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսգրքերում:
2. Օրենքով ընտրությունների օրվա նշանակումից հետո արգելել քաղաքական նպատակներով բարեգործական բոլոր ակցիաները, ընտրական գործընթացում ներգրավված ուժերի վերոնշյալ դրույթը հաշվի չառնելու դեպքում կասեցնել տվյալ քաղաքական ուժի մասնակցությունը ընտրություններին: (Նախկին օրենսգրքում բարեգործությունը արգելվում է միայն քարոզարշավի ընթացքում, պետք է այդ դրույթը խստացվի վերոնշյալ տեսքով):
3. Ընտրական հանձնաժողովի անդամները, կուսակցության վստահված անձինք իրավունք պետք է ունենան ընտրությունների արդյունքների ամփոփման նիստից 6 ժամ անց բողոքարկել ընտրությունների արդյունքները վերադաս ընտրական հանձնաժողովում՝ առանց գրանցամատյանում նշումներ կատարելու պարտավորվածության:
4. Տարածքային ընտրական հանձնաժողովներում, ինչպես նաև ԿԸՀ-ում, մինչև ընտրությունների պաշտոնական տվյալների հրապարակումը, պետք է սահմանվի շուրջօրյա հերթապահություն:
5. Փոխել տարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգը, արգելել համայնքային նշանակովի և քաղաքացիական ծառայողների՝ ՏԸՀ անդամ դառնալը: Եթե նախկինում ՏԸՀ անդամ դարձած քաղաքացին ստանձնում է վերոնշյալ պաշտոններից մեկը, պետք է վայր դնի ՏԸՀ անդամի մանդատը:
6. Վարկանիշային ցուցակներից հրաժարում, անցում պարզ համամասնական ընտրակարգին, երբ քաղաքական կուսակցությունը պատասխանատվություն է ստանձնում քաղաքական թիմի դասավորվածության համար:
7. Արգելել համայնքի ղեկավարների՝ 2 անգամից ավելի ընտրությունների միջոցով պաշտոնի ստանձնման հնարավորությունը:
8. ԱԺ ընտրագրավի դրույքաչափի նվազեցում մինչև 5 մլն ՀՀ դրամ:
9. ԱԺ-ում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի հայտնվելու շեմը դարձնել համապատասխանաբար 3 և 5 տոկոս:
10. Ապահովել ընտրողների մատնահետքերի գրանցման միասնական ցանցի կիրառումը: Կարճ ժամանակում դրա անհնարինության դեպքում կարելի է անցումային դրույթով՝ մինչև այդ ցանցի կարգաբերումը, կիրառել ընտրողների մատի թանաքոտման ինստիտուտը: Թանաքը պետք է առնվազն 12 ժամ պահպանվի ընտրություններին մասնակցած քաղաքացու մատին:
11. ԿԸՀ ՀՀ ողջ տարածքի համար պետք է ապահովի միագույն գրիչների առկայությունը, և օրենքով պետք է արգելվի քվեաթերթիկի վրա տարբեր գույնի գրիչներով նշում կատարելու հնարավորությունը:
12. Բողոքարկելու իրավունք տրամադրել համամասնական ընտրապայքարին մասնակցող ուժերին՝ որոշակի թվով տեղամասերում առանց տվյալ տեղամասում վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի համաձայնության:
13. Վերահաշվարկի դիմումների քննման կարգը պետք կատարվի ոչ թե ըստ դիմումների հերթականության, այլ վիճակահանությամբ:
«Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք շատ կարևոր են համարում ԸՕ-ի շուրջ քննարկումները, առաջարկությունները։ Իրենք արդեն հայտ են ներկայացրել Արարատ Միրզոյանի գրասենյակին և սպասում են նրանց արձագանքին։ Դրանից բացի՝ այսօր երեկոյան կուսակցության նախագահության նիստում կքննարկվի իրեց առաջարկությունները և դրանք հանրագումարի կբերվեն։ «Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք «Ժառանգության» առաջարկները, մեծամասամբ համաձայն ենք դրանց հետ։ Մենք ուզում ենք, որ ԸՕ-ի քննարկումները լինեն հանրային, լայն շրջանակներ ընդգրկեն։ Վերջապես մենք պետք է գանք մի երանելի վիճակի, որ ընտրողը ընտրի թեկնածուին գաղափարի, ներկայացված ծրագրերի համար և ոչ թե անձի կամ նրա ով լինելու համար»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ «Ժառանգության» առաջարկների հետ համամիտ լինելուց զատ, իրենք ունեն նաև սեփական առաջարկությունները։ Մասնավորապես ամբողջովին պետք է բացառվի վարկանիշային համակարգը, հանվի ընտրագրավ հասկացությունը, որը, Սարգսյանի խոսքերով, ժողովրդավարական սկզբունքներին դեմ է։ «Գրավ հասկացությունը պետք է բացառվի, այն կապ չունի ընտրությունների հետ։ 28 տարի գործող կուսակցությունը չպետք է գրավ մուծի, որ մասնակցի ընտրություններին։ Բոլորը խոսում են գրավի շեմի նվազեցման մասին, բայց այն ամբողջությամբ պետք է բացառվի։ Դրանից բացի՝ մենք կարծում ենք, որ ընտրական հանձնաժողովները պետք է ձևավորվեն բացառապես գործող իշխանության ներկայացուցիչներից, որպեսզի նրանք էլ կրեն ամբողջ պատասխանատվությունը, բայց այն պայմաններով, որոնք նշված են «Ժառանգության» առաջարկներում»,- ասաց Սարգսյանը։
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք մի քանի շաբաթ առաջ են հանդիպել Դանիել Իոաննիսյանի հետ։ Վերջինս այցելել է իրենց և խնդրել առաջարկություններ ներկայացնել, որն էլ իրենք արել են։ Դրանից հետո արդեն հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հետ կապված որևէ հրավեր չեն ստացել։ «Բայց նկատի ունենալով, որ նոր, ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունը իր առաջնային նպատակներից է հռչակել Ընտրական օրենսգրքի արմատական բարեփոխումը, Հայ ազգային կոնգրեսը անհրաժեշտություն է համարում վերաիմաստավորել և վերափոխել ողջ ընտրական համակարգը` համապատասխանեցնելով այն քաղաքակիրթ աշխարհում ընդունված հիմնարար սկզբունքներին»,- ասաց Զուրաբյանը:
ՀԱԿ-ը մասնավորապես վերահաստատում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իր կողմից նախկինում արված առաջարկները, այդ թվում՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման առանցքային պահանջը։
․Կարևորում է Ընտրական օրենսգրքում 2016թ.-ին 4+4+4 ձևաչափով կնքված Համաձայնագրի հիման վրա կատարված բոլոր փոփոխությունների պահպանումը, ինչպես նաև Համաձայնագիրը ստորագրած կողմերի միջև ձեռք բերված` ընտրողների նախագրանցման համակարգի ներդրման պայմանավորվածության կատարումը։
.Հրատապ է համարում ընտրակաշառքի ու ընտրական նպատակներով բարեգործության օգտագործման և վարչական ու քրեական ռեսուրսի կիրառման բացառմանն ուղղված լրացուցիչ այնպիսի արդյունավետ մեխանիզմների ներդրումը, ինչպիսիք են նման հանցագործությունները ծանր հանցագործությունների շարքին դասելը (կալանավորման առավելագույն ժամկետները 5-ից մինչև 6 տարի սահմանելով), և այդ հանցատեսակների բացահայտման համար անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործունեության ողջ զինանոցի գործադրելը:
.Պահանջում է վերջ տալ ընտրական հանձնաժողովների ձևավորման կուսակցական սկզբունքին, որն իրականում դարձել է ընտրությունների օրինականության ապահովման պատասխանատվությունը պետության վրայից հանելու միջոց, սահմանել այնպիսի ընտրակարգ, որում բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները ձևավորվում են պետության կողմից (ի դեմս արդարադատության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության) և պետությունը ստանձնում է ընտրական գործընթացների օրինականության ապահովման ողջ պատասխանատվությունը:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի մշակման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ խորհրդարանական խմբակցությունների մոտ օրենսգրքի փոփոխությունների մասով կոնսենսուս կա, բացառությամբ ՀՀԿ-ի, որի հետ, արդեն երեկվանից, երբ նրանք ևս մաս կազմեցին հանձնաժողովին, առաջիկայում քննարկումներ կլինեն։
Դանիել Իոաննիսյանը նշեց նաև, որ օրենքի նախագիծը գրեթե պատրաստ է և մինչև ամսվա վերջ այն կներկայացվի քննարկման լայն շրջանակների։
Լուսանկարը՝ Photolure-ի










































