Այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պարզաբանեց երեկվա միջադեպը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին ասելով. «Պարոն Հակոբյան, մենք էդ հանձնաժողովում իսկի դեռ մարդ չունենք, ո՞նց կարող էինք ձեռնպահ քվեարկել»:
Մարուքյանի խոսքով՝ պարոն Հակոբյանը հանրությանը մոլորության մեջ է գցել:
Ի պատասխան՝ Հակոբ Հակոբյանը հստակեցրեց, որ իր ասածը վերաբերում էր կառավարությունը կազմող ուժերին, որոնք հանձնաժողովում քվեարկել են ձեռնպահ:
Այնուհետև ՀՀԿ խմբակցության պատգամավորը հիշեց իրեն ուղղված նախկին մեղադրանքները և ասաց, թե լրատվական դաշտում նման բաներ շատ են լինում. «Օրինակ՝ ես մի հայտնի հարցազրույց եմ ունեցել, որտեղ ես ո՛չ կարտոշկի անուն եմ տվել, ո՛չ մսի անուն եմ տվել, բայց հիմա ամբողջ հասարակությունը գիտի, թե ես կարտոշկի ու մսի անուն եմ տվել: Հարգելի ժողովուրդ, ես նման բան չեմ արել, եթե արած լինեի՝ հաստատ ներողություն կխնդրեի»:
Հակոբ Հակոբյանի խոսքով՝ ինքը մինչև հիմա չի անդրադարձել այդ թեմային, որովհետև չի համարել, թե արդարանալու կարիք ունի:
Մանրամասները՝ տեսանյութում:









































