«Նախախորհրդարանը մեկ տարի մեկ նպատակ էր հետապնդում՝ Հայաստանում այլընտրանքային կառավարման համակարգի սաղմերի ստեղծումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Նախախորհրդարան» քաղաքական նախաձեռնության համակարգող Գարեգին Չուգասզյանը՝ հավելելով, որ այս մեկ տարին նախապատրաստական փուլ էր, և, բնականաբար, այլընտրանքային մարմինները պետք է ունենային այդ նոր որակի պետության տեսլականը: Այս մեկ տարվա ընթացքում հենց այդ տեսլականն էր մշակվում:
Նրա խոսքով՝ սեպտեմբերյան իրադարձությունները վկայեցին, որ Հայաստանում ստեղծված այս մակաբույծ համակարգը ի վերջո հանգեցնելու է երկրի դե յուրե անկախության վտանգմանը:
«Նախախորհրդարանի» գործունեության հաջորդ փուլը միտված կլինի այլընտրանքային մարմինների ձևավորմանը, և առաջիկա տարին վճռական կլինի այդ մարմինների ձևավորման առումով:
«Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ՝ որքան ավելանում է քաղաքացիական ըմբոստությունը, և որքան մարդիկ մեծացնում են իրենց ճնշումը իշխանության վրա, այնքան իշխանությունը լկտի կերպով արհամարհում է հասարակության որևէ սկզբունքային մոտեցում, որին գումարվում է սուտ խոսելը:
Նրա խոսքով՝ իշխանության համար սուտ խոսելը դարձել է նորմա. «Եվ այդ ստերի շարքն այնքան մեծ է, որ ես մտածում եմ՝ արդյոք մեր նախագահը սուտ չի՞ ասել Ռուսաստանին, որ մտադիր է երկիրը տանել ՄՄ, կամ արդյոք սուտ չէի՞ն Եվրոպայի հետ այդքան քննարկումները»:
Հրանուշ Խառատյանը հավելեց, որ մենք չենք կարող որևէ հեռանկար ունենալ որևէ ծրագրի հետ:
«Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ իրենք չեն սպասելու մինչև 2018 թվականը, և դա կամայական որոշում չէ:
«Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը մինչև 2018-ը դիմանալու ռեսուրս չունի»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը՝ հորդորելով ակտիվ քաղաքացիական շրջանակներին, որոնք պատրաստվում են 2017-2018թթ., իրենց առաջարկած գործունեության տրամաբանությունից հեռու չմնալ:
«Մեր առաջարկությունն այն է, որ հնարավոր է և, և անել: Մենք գիտակցում ենք, որ մեր պատկերացրած ընթացքը պետք է նաև միավորումներով լինի: Մենք գտնվում ենք հիմնադիր խորհրդարանի ձևավորման շեմին, և մեր մարտավարությունը տարբերվում է նրանով, որ մենք գնալու ենք փոփոխության այն ժամանակ, երբ թեկուզ սաղմնային վիճակով ձևավորած կլինենք համակարգ, այլապես միայն իշխանափոխություն հասկացողությունը մեծ հաշվով անիմաստ է»,- ասաց նա:
Վաղվանից «Նախախորհրդարանը» սկսում է ամենշաբաթյա երթեր. նպատակը ժողովրդին սարդարապատյան իրավիճակի մասին իրազեկելն է:
Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ երթերով կլուծեն նաև իրենց և իրենց ծրագրի իրազեկման խնդիրը: Դրանցով նաև կփորձեն ոգևորել հանրությանը: Իսկ նպատակը դե յուրե անկախությունից դե ֆակտո անկախության հասնելն է:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի








































