Հինգշաբթի Instagram-ի հիմնադիր Քևին Սիսթրոմը ներկայացրել է նոր գործառույթ՝ «ֆոտոսուրհանդակ»: Այժմ լուսանկարները հնարավոր է ներկայացնել ոչ միայն համընդհանուր դիտման, այլև առանձին ուղարկել օգտատերերից մեկին կամ մի քանի օգտատերերի խմբին: Այս մասին հայտնում է Vesti-ն՝ վկայակոչելով պաշտոնական տեղեկատվությունը:
Թարմացված հավելվածի (5-րդ տարբերակ) ինտերֆեյսում Instagram Direct գործառույթը թաքնվում է էկրանի վերևի աջ անկյունում` «Ստացված հաղորդագրություններ» նշանի ներքո: Դրա վրա սեղմելով` կարելի է ուղարկելու նպատակով լուսանկար կամ տեսանյութ ընտրել, ցանկության դեպքում այն մշակել, որից հետո ուղարկել ընտրված մինչև 15 հասցեներով:
Instagram Direct-ը թույլ է տալիս հաղորդագրություն ուղարկել նաև նրանց, ովքեր Ձեր բաժանորդը չեն: Դրանք նրա մոտ կերևան հարցումների հերթում, նա կարող է ընդունել կամ մերժել դրանք: Վիրավորանք պարունակող հրապարակումների դեպքում կարելի է դիմել ծառայության վարչակազմին:










































