Բյուջեի վերաբերյալ օրենքը ձևական բնույթ է կրում և իրացվում է այնքանով, որքանով թույլ են տալիս որոշ անձանց շահերը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
«Կառավարությունը կաշկանդված չէ օրենքով: Այս օրենքը ցանկությունների դաշտից է, իսկ իրողությունը կարող է դրանց չհամապատասխանել: Աբսուրդ է, որ Հայաստանի Հանրապետությունը ՀՀ-ի ամենամեծ հարկատուն է: Կառավարությունը հարկերի զգալի մասը գանձելու է ինքն իրենից: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է առնվազն մեկ մլն դրամի ապրանքներ ու ծառայություններ գնի, որպեսզի կառավարությունը կարողանա անհրաժեշտ չափով գանձումներ կատարել: Մինչդեռ քաղաքացին մեկ տարվա գոյությունը պահպանելու համար ծախսում է 400 հազար դրամ»,- ասաց նա:
Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Հայաստանը կանգնած է դեֆոլտի առաջ: «Կաշառքով ընտրված ՀՀ իշխանությունները զրկված են դոնոր կազմակերպությունների ֆինանսավորումից, ԱՄՆ-ը ևս հրաժարվել է դրամական միջոցներ տրամադրել մեզ»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն իր հերթին նկատեց, որ անցած տարիներն ապացուցել են՝ բյուջեի կատարողականներն արտահայտվել են հարյուր տոկոսին մոտ թվերով:
«Սա հիմք է տալիս ասելու, որ այս բյուջեն ևս իրատեսական է: Ինչ վերաբերում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից Հայաստանին օգնություն չտրամադրելու լուրին, ապա մենք պետք է պատրաստ լինեինք և դրական, և բացասական պատասխանի»,- ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ ցանկացած պետություն առաջնորդվում է գլոբալ շահերի քաղաքականությամբ:
«Հայաստանն էլ, ծանրութեթև անելով, ընդունեց այն որոշումը, որն արդեն ընդունել ենք՝ անդամակցել ՄՄ-ին: Իսկ Վիլնյուսը փաստեց՝ մենք ցանկանում ենք եվրասիական տարածքում կառուցել եվրոպական պետություն: Ժողովրդավարական արժեքներ դավանող ԵԺԿ-ն, որի անդամ է Հանրապետական կուսակցությունը, պետք է ըմբռնումով մոտենա մեր՝ ՄՄ-ին անդամակցելու որոշմանը»,- ասաց պատգամավորը:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի










































