Սիրիայի ընդդիմության ճամբարում պառակտվածությունը մեծանում է: Բաշար Ասադի դեմ կռվող չափավոր և արմատական խմբավորումների միջև թշնամանքը ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային ստիպել է դադարեցնել Սիրիայի ազատ բանակին հատկացվող օգնությունը: Արևմուտքը ստիպված էր գնալ այդ քայլին այն բանից հետո, երբ բանակի ռազմական բազաները գրավեցին սունի արմատականները՝ «Իսլամական ճակատից», իսկ դրա հրամանատարը փախավ Կատար: ԱՄՆ-ը կարող է ի վիճակի չլինել «Ժնև-2» համաժողովում ապահովել ընդդիմության լիարժեք ներկայությունը:
Սիրիական հակամարտության նման շրջադարձը Արևմուտքին կրկին հիշեցրել է, որ սցենարները, որոնց դեպքում իսլամիստ արմատականները կարող են տիրանալ վտանգավոր զենքերի, բավականին իրատեսական են: Ուստի Լոնդոնը և Վաշինգտոնը վերանայել են նրանց՝ 283 մլն դոլարի զինամթերքի մատակարարումը:
Մոսկովյան Կարնեգի կենտրոնի փորձագետի կարծիքով՝ «Սիրիական ազատ բանակի ձախողումը միանգամայն կանխատեսելի էր»: Ըստ փորձագետի՝ «Ժնև-2»-ին մասնակցելու համար ԱՄՆ-ը կհրավիրի ավելի հետևողական և կողմնորոշված մարտիկների: Բացի այդ, ըստ փորձագետի, Վաշինգտոնն ինքը պատկերացում անգամ չունի, թե «Ժնև-2»-ի նախօրեին Սիրիայի ընդդիմությունից ում հետ կարելի է բանակցություններ վարել:









































