«Հրապարակ»-ը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի տեսչության աշխատակիցների ապագան անորոշ էր: Աշխատանքի և հակահամաճարակային 2 տեսչությունների միավորումը շատերի համար մտահոգիչ էր գործազրկության սպառնալիքի առումով: Սակայն, ի զարմանս շատերի, այս «բարեփոխումը» եզակի դարձավ այն իմաստով, որ բողոքող խոցելի խմբերը չեն համալրվի ևս մեկով:
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը երեկ «Հրապարակ»-ի հետ զրույցում հավաստիացրել է, որ դժգոհ մարդ չկա: Տեսչությունների միավորումը անգամ որոշ հաստիքների ավելցուկ է առաջացրել: Սակայն նրանք ժամանակավորապես տեղափոխվել են քաղծառայության կարճաժամկետ կադրային ռեզերվ:
«Հին կադրերը վերանշանակվեցին, հիմնական մասը տեխնիկական անձնակազմն է, որը վերականգնվեց, մասնագիտական ներուժը վերաբաշխվեց նաև դեպի մարզ, մարզից՝ Երևան: Տեսչության հաստիքներն ենք ավելացրել և հիմա շուրջ 129 թափուր հաստիք ունենք, որոնց մեծ մասն այն մասնագիտություններն են, որոնք փոփոխությամբ են նախատեսվել և նախկինում չկային՝ բժիշկներն են, դեղագետները և այլն: Կան մասնագետներ, որոնք ուղարկվել են քաղծառայության կարճաժամկետ ռեզերվ, և բոլորի կադրային հարցերը լուծում ենք»,- թվարկեց Քրմոյանը: Ըստ նրա, մի մասն էլ վերաբաշխվել է այլ հաստատություններ:
«Ինչպես տեսնում եք՝ բողոքներ, խնդիրներ չկան, ամեն ինչ օրենքի սահմաններում արվեց: Նախապատվությունը տվել ենք աշխատանքային փորձ ունեցող ու բարձր դասային աստիճան ունեցող քաղծառայող- ներին»,-շարունակեց նա: Թերևս «օրենքի սահմաններում աշխատելուն» նպաստեցին մամուլի հրապարակումները:
Նոր տեսչության ձևավորումն ի սկզբանե խնդրահարույց էր նաև ղեկավարների կրճատման առումով: Աշխատանքի տեսչությունը ղեկավարում էր ԲՀԿ-կան պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Հակոբ Մանուկյանը, ով նախարարությունների ԲՀԿ-աթափ լինելուց հետո վերջին մոհիկանն էր այս համակարգում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:








































