Հյուսիսային Կորեայի ժողովրդական անվտանգության նախարարության ռազմական տրիբունալի վճռով մահապատժի է ենթարկվել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի քեռին՝ Չան Սոն Թհեկը, ով զբաղեցրել է Պաշտպանության պետական կոմիտեի փոխնախագահի պաշտոնը: Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Մահվան դատավճիռը կայացվել է պետական դավաճանության մեղադրանքով տրիբունալի նիստին, որը կայացել է դեկտեմբերի 12-ին:
67-ամյա Չան Սոն Թհեկը հեռացվել էր զբաղեցրած բարձրագույն պաշտոններից դեկտեմբերի 9-ին:
Աշխատանքային կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի նիստին, որի ժամանակ պաշտոնապես հայտարարվել էր նրա պաշտոնանկության մասին, նշվել է, որ նա և նրա կողմնակիցները միտումնավոր չեն կատարել կուսակցական որոշումները, չեն ենթարկվելԿորեայի ժողովրդական բանակի գերագույն հրամանատարի հրամաններին: Նման գործողությունները լուրջ վնաս են հասցրել ազգային տնտեսությանն ու ժողովրդի բարեկեցության բարելավման գործին:
Հարավային Կորեայում շտապ գումարվել է երկրի անվտանգության ապահովման գործով զբաղվող նախարարների հանդիպում: Ինչպես հայտնել է հարավկորեական վարչակազմի ներկայացուցիչը, այն գումարվել է՝ կապված Չան Սոն Թհեքի մահապատժի մասին տեղեկությունների հետ:Նա հայտնել է, որ մասնակիցները կքննարկեն Հյուսիսային Կորեայում իրադարձությունների հնարավոր զարգացման մասին կանխատեսումները:
Ամերիկյան վարչակազմն ակնդետ հետևում է Հյուսիսային Կորեայում իրադարձությունների զարգացմանը առաջնորդ Կիմ Չեն Ինի քեռու մահապատժի մասին հաղորդագրություններից հետո: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:
Սպիտակ տունն ընդգծել է, որ եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա կդառնա հյուսիսկորեական ռեժիմի ծայրահեղ դաժանության ևս մեկ օրինակ:
Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ չնայած իրենք չեն կարող անկախ հաստատում ստանալ, սակայն հիմք չունեն կասկածելու պետական հեռագրային գործակալության տարածած հաղորդագրության իսկությանը:











































