Թիկունքում ունենք իրադարձություններով հագեցած շրջան, ինչի ապացույցն է վիլնյուսյան գագաթնաժողովը. այն մի փուլ էր, որը նոր տեսլականներ է բացում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Հայաստանի համար վիլնյուսյան գագաթնաժողովը կարևոր փուլ էր: Այն հաջորդեց սեպտեմբերին ՀՀ իշխանությունների կայացրած՝ ՄՄ-ին անդամակցելու որոշմանը: Գագաթնաժողովը հնարավորություն էր՝ հաստատելու Հայաստանի ցանկությունը, այն է՝ ուղղորդվելով դեպի ՄՄ՝ միաժամանակ հաստատակամություն հայտնել ԵՄ-ի հետ հետագա համագործակցության: Հետևապես ԵՄ-Հայաստան հեռակա հնարավոր անելիքներ կարող են լինել, մանավանդ որ՝ հստակ նախանշված են համագործակցության մի շարք ճյուղեր՝ արդարադատության համակարգ, մարդու իրավունքների պաշտպանություն և այլն»,- ասաց դեսպանը:
Անրի Ռենոյի խոսքով՝ Վիլնյուսի գագաթնաժողովը հնարավորություն տվեց ընդհանուր հայտարարի բերել որոշակի ժամանակաշրջանի իրադարձությունները: «Արևելյան գործընկերությունը բոլոր տիրույթներում եղավ բարեփոխումների խթանիչ: Նախ՝ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրեցին երկու երկրներ, տարածվեց ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարությունը: «Բերքահավաքից», երևի թե, չենք կարող դժգոհել: Ահավասիկ, սրանք են այն ընդհանուր արդյունքները, որոնք կարելի է գրանցել վիլնյուսյան գագաթնաժողովից հետո: Բնականաբար, անելիքներ դեռ շատ կան»,- ասաց նա:
Ֆրանսիայի դեսպանը նկատեց, որ ինքը, որպես լավատես մարդ, ուշադրություն է դարձնում ձեռքբերումների վրա, իսկ ձեռքբերումները շատ են: «Ձեռքբերումների հիման վրա է, որ պետք է փորձենք կերտել մեր վաղվա օրը»,- ասաց նա:
Անդրադառնալով ԵՄ-Ուկրաինա հարաբերություններին և Եվրոմայդանում ծավալված բողոքի գործողություններին՝ դեսպանը զերծ մնաց այդ երկրի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների վարքի ակտիվության-պասիվության մակարդակը համեմատելուց: «Ես Ֆրանսիայի դեսպանն եմ Հայաստանում և ոչ թե Ֆրանսիայի դեսպանը՝ Ուկրաինայում»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ Ուկրաինայի հետ բանակցությունների ակտիվ փուլը չի ընդհատվել:
Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած պետական այցի մասին՝ Անրի Ռենոն նկատեց, որ դա ՀՀ իշխանությունների պաշտոնական քաղաքականությունն է: «Տեսնում եմ, որ կա մեծ կամք: Սա այն ընտրությունն է, որը կիսում են Եվրոպայում, կիսում է նաև Ֆրանսիան: Հայաստանը ընտրություն կատարելով՝ հետամուտ է լինելու հարաբերությունների զարգացման ինչպես ԵՄ-ի հետ, այնպես էլ Ռուսաստանի: Սրանք դրսևորումներ են, որոնք միանգամայն ընդունելի են: Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, գործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ»,- ասաց դեսպանը:
Ամփոփելով՝ Անրի Ռենոն նշեց, որ Հայաստանը խորապես եվրոպական երկիր է, որը, սակայն, այսօրվա դրությամբ չի ցանկանում անդամակցել ԵՄ-ին:
«Ես երբևիցե չեմ լսել, որ ՀՀ իշխանությունները ԵՄ-ին անդամակցելու ցանկություն հայտնեին: Միաժամանակ դա չի խանգարում, որ Հայաստանը երկար ճանապարհ անցնի Եվրոպայի հետ: Առանց որևէ պայմանագրի ստորագրման էլ եվրոպական շուկան հայկական ապրանքների համար լայն սպառման շուկա է: Ինչ վերաբերում է կոնկրետ Ֆրանսիա-Հայաստան երկկողմ հարաբերություններին, ապա բուռն համագործակցություն արդեն իսկ կա քաղաքական բնագավառում, այն է՝ բարձր մակարդակով երկկողմ այցեր, բացի այդ` Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է, արևմտյան թիվ մեկ ներդրողը Հայաստանում: Տնտեսական համագործակցության լավագույն օրինակը Հայաստանում պարտադիր կենսաթոշակային համակարգի ֆոնդերից մեկի ֆրանսիական լինելն է»:
Հարցին՝ ինչպե՞ս է դիմավորելու Նոր տարին և ի՞նչ է խնդրելու Ձմեռ պապից, դեսպանը նշեց, որ նվերների մասին դեռ չի մտածել: «Ես կցանկանայի, որ հաջորդ տարվա ընթացքում հայ-ֆրանսիական բարեկամությունը խորանար այն աստիճանի, որ բոլորը անակնկալի գային: Ինչ վերաբերում է մանկության ամենատպավորիչ պահերին, ապա ինձ համար ամենացանկալի նվերը եղել է Ծննդյան տոնը՝ ձյան տակ»,- նշեց Անրի Ռենոն:







































