Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստանում մասնակցեց ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին: Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր առավոտից մեկնարկած նիստից հետո թուրք նախարարը սեղմեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ձեռքն ու անմիջապես հեռացավ նիստերի դահլիճից՝ բարձրանալով հյուրանոցի իր առանձնասենյակ:
Ինչպեսև ակնկալվում էր, թուրք նախարարի այցը ՀՀ կազմակերպված էր ըստ պատշաճի, իսկ անվտանգության ապահովման մակարդակը բարձր էր: Նիստերի դահլիճից դեպի հյուրանոցի իր առանձնասենյակ նախարարին ուղեկցեց շուրջ 25 թիկնապահից կազմված նրա անվտանգության թիմը՝ թույլ չտալով նաև հայ լրագրողներին ազատ տեղաշարժի և նախարարին մոտենալու հնարավորություն, կարծես «փախցնելով» նախարարին լրագրողներից, քանի որ, ինչպես ավելի վաղ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր Ահմեդ Դավութօղլուի խոսնակը, նա լրատվամիջոցներին չի հանդիպելու:
Առաջարկում ենք հյուրանոցում թուրք նախարարի ու անվտանգության կազմակերպած տեղաշարժին ծանոթանալ տեսանյութի միջոցով:











































