ԱՄՆ-ի «կայծակնային հարված» համակարգը սպառնում է ապոկալիպտիկական հետևանքներով: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Կոմերսանտին» տված հարցազրույցում:
«Այո, եթե մենք խոսենք սովորական հագեցվածությամբ բալիստիկ կրիչների մասին, ապա դա, միանշանակ, հակամարտության ընդլայնման ուղի է՝ իրականում ապոկալիպտիկական հետևանքներով: Եթե մենք խոսում ենք նոր կրիչների մասին՝ գերձայնային ծրագրով, գերձայնային շարժիչներով և այսպես շարունակ, ապա այստեղ հարկավոր է հասկանալ, թե ինչպիսին կլինեն նրանց տեխնիկական բնութագրերն ու կիրառման տարբերակները»,- ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով այդ համակարգի կիրառման վտանգավորության մասին հարցին:
«Դա, միանշանակ, հակամարտության խորացման ճանապարհ է՝ ծանր, կարելի է ասել՝ ապոկալիպտիկական հետևանքներով»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ նոր տեսակի կրիչների զարգացումը՝ գերձայնային հարթակը, զգալիորեն ազդում է ռազմավարական հավասարակշռության ու կայունության վրա, գրում է «Կոմերսանտը»:
«Մենք դեռ պետք է գնահատական տանք, թե ինչպես նման համակարգերի հայտնվելը կարող է ազդել մեր անվտանգության վրա»,- հայտարարել է Ռյաբկովը:
Ռուսաստանը կարծում է, որ ցանկացած քննարկում ապագայում սպառազինությունների վերահսկման ոլորտում պետք է հաշվի առնի ԱՄՆ կողմից ստեղծվելիք ներուժը «գլոբալ կայծակնային հարվածի» ոլորտում, նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:






































