BBC-ն և համաշխարհային խոշորագույն 12 լրատվական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Սիրիայում գործող ապստամբ խմբավորումներին՝ կոչ անելով դադարեցնել լրագրողների առևանգումը և ազատել նրանց, ովքեր գտնվում են գերության մեջ՝ հաղորդում է BBC-ն:
Նամակում, որը ստորագրել են այնպիսի հեղինակավոր պարբերականների ղեկավարներ, ինչպիսիք են՝ Economist-ը, New York Times-ը և El Mundo-ն, ասվում է, որ իրենց աշխատակիցների անվտանգության հետ կապված մտավախությունները վտանգի տակ են դնում սիրիական հակամարտության լուսաբանումը:
Ուղերձը հղվել է Սիրիայում գործող հիմնական ընդդիմադիր ուժին՝ Սիրիական ազատ բանակին, ինչպես նաև փոքր խմբավորումներին, այդ թվում՝ Իսլամական ճակատին: Սիրիական ազատ բանակի քաղաքական թևի ներկայացուցիչներն իրենց հերթին պնդում են, որ իրենց պարտքն են համարում պաշտպանել լրագրողներին և փորձում են հասնել նրանց ազատ արձակմանը:
Ներկայումս Սիրիայում տարբեր ապստամբ խմբավորումների մոտ գերության մեջ է գտնվում շուրջ 30 լրագրող:







































