Նորվեգացի միլիարդատեր Ուլավ Տունը, ով իր ունեցվածքը վաստակել է անշարժ գույքի առքուվաճառքից և հյուրանոցների ցանցից, որոշում է կայացրել բարեգործական հիմնադրամ հիմնել և դրան փոխանցել իր ամբողջ կարողությունը:
Որոշ գնահատականների համաձայն՝ Տունի կարողությունը 4-6 միլիարդ դոլար է կազմում, Forbes-ի վարկանիշային աղյուսակում այս նորվեգացին 198-րդ տեղում է:
Այդ միջոցների մեծ մասը կանցնի այն հիմնադրամի տրամադրության տակ, որը Տունի մահվանից հետո կկառավարի նրա բիզնեսը, ինչպես նաև պարբերաբար զգալի գումարներ կհատկացնի հետազոտական ծրագրերի և բարեգործության համար: Հիմնադրամի կառավարումն իր վրա կվերցնի յոթ մարդուց բաղկացած խորհուրդը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Իհարկե, ես չեմ կարող իմ բոլոր փողերը հետս այն աշխարհ տանել»,- նորվեգական հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է 90-ամյա միլիարդատերը:
Տունը Նորվեգիայի երեք ամենահարուստ մարդկանցից ամենաշատ հարկեր վճարողն է:









































