Mars One ծրագրի հեղինակերը, որոնց նպատակը Մարսի գաղութացումն է, ավելի քան 200 հազար կամավորների դիմումներ են ստացել, ովքեր ցանկանում են առաջինը բնակվել Կարմիր մոլորակի վրա: Այս մասին հաղորդել է ծրագրի համահեղինակ և գլխավոր տնօրեն Բաս Լենսդորպը, փոխանցում է CNN-ը:
Ներկա պահին այլևս դիմումներ չեն ընդունվում: Այս տարվա վերջին կամավորների ընդհանուր ցուցակից ծրագրի կազմակերպիչները կընտրեն երկրորդ փուլն անցածներին: 2015 թ. նրանցից 6-10 խմբեր կկազմեն, յուրաքանչյուր խմբում՝ չորս անդամ: Այնուհետև մի քանի տարի շարունակ ապագա մարսաբնակները հատուկ կուրսեր կանցնեն, որից հետո նրանցից կընտրվեն չորս լավագույնները, ովքեր էլ առաջինը կուղարկվեն Մարսում բնակվելու: Սակայն այդ որոշումը կայացնելիս նրանք պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ այլևս Երկիր վերադառնալ չեն կարող, քանի որ այդպիսի տեխնոլոգիա ուղղակի գոյություն չունի:
Մարսի առաջին բնակիչները կարող են Կարմիր մոլորակ մեկնել արդեն 2025 թ.: Առաջին չորսի մեկնումը վեց միլիարդ դոլար կարժենա:
Սակայն գիտնականները կարծում են, որ Մարսի գաղութացումը կարող է էական դժվարությունների հետ կապված լինել: Նրանց տվյալներով՝ Կարմիր մոլորակի ճառագայթման ֆոնը ցույց է տալիս, որ մինչև Մարս հասնելու և այնտեղից վերադառնալու 360 օրվա ընթացքում և Մարսում 500 օր մնալու ժամանակահատվածում մարդն այնքան է ճառագայթման ենթարկվում, որքան տիեզերագնացներն իրենց ամբողջ կարիերայի ընթացքում: Այս մասին ասվում է Science ամսագրում հրատարակված ուսումնասիրության մեջ:







































