Ազգային ժողովի դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում 2014 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր խոսքը սկսեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի նախաբանով. «Եթե Վճռաբեկ դատարանն արդար գործեր, ապա Երևանում տրանսպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի ՀԷԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի և այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարություն չէին փնտրի փողոցներում: Եթե Վճռաբեկ դատարանը և նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ»:
Պատգամավորը նշեց, որ այս բյուջեի նախագծով կառավարությունը փորձ է անում շարունակել պաշտոնավարել, նա նաև նկատեց, որ կառավարությունը մերն է, բայց նաև մերը չէ՝ օտար է: «Նստեք և լռեք, քանի որ մարդ չեք, այլ գարշահոտ կենդանիներ եք, ստրուկներ եք, ձեր կարծիքը՝ ինչպես ղեկավարել երկիրը, տնօրինել, մեզ չի հետաքրքրում»,- ասաց նա: Պատգամավորն առաջարկեց այս իրավիճակից դուրս գալու համար 2014-ին ապստամբություն իրականացել, այն ներառել օրակարգում:
Փոստանջյանը համոզմունք հայտնեց, որ այս կառավարությանը պետք է հեռացնել, իսկ ոմանց՝ պատժել, նրանց գցել բանտախցեր, և ոչ՝ հեռացնել Հայաստանից: «Ձեզանից ոմանց տեղը բանտախուցն է, նաև այն պատգամավորների, որ պետք է կողմ քվեարկեն պետբյուջեին, նրանց ասում եմ՝ գնացեք ԱԺ-ից»,- ասաց նա: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փորձելով իրավիճակը թեթևացնել, տեղից արտահայտվեց. «Այդքան երիտասարդ, գեղեցիկ կին եք, այդքան մաղձը որտեղի՞ց է կուտակվել ձեր մեջ»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































