Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Միխայել Վարդանյանի գործի դատավարությունը:
34-ամյա Միխայել Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել կնոջը՝ Նելլիին դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Այս ծանր հանցագործությունը կատարելով՝ Միխայելն անմայր է թողել իրենց չորս երեխաներին, որոնցից մեծը 10 տարեկան է, իսկ փոքրը՝ 3:
Կնոջը սպանելու պահին Միխայելը եղել է ծանր աստիճանի խմածության վիճակում:
Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Միխայել Վարդանյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ Նելլիի հետ ամուսնացել էր 1999 թվականին: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում չորս երեխա են ունեցել, փոքր որդին ծնվել է 2010 թվականին:
2007 թվականին Սյունիքի մարզի Թխկուտ գյուղից տեղափոխվել ու բնակություն են հաստատել կնոջ մոր՝ Ագարակ քաղաքում գտնվող բնակարանում:
Ինքն աշխատել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում որպես մեքենավար:
2013 թվականին իր և կնոջ փոխհարաբերությունները վատացել են, ինչի պատճառով հուլիսի 17-ին կինը պահանջել է, որ ինքը հեռանա տնից:
Երկու օր հետո ինքն անընդհատ զանգահարել է կնոջ հեռախոսահամարով, բայց նա չի պատասխանել: Այդ չպատասխանելու պատճառը պարզելու համար էլ հուլիսի 20-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում ինքը գնացել է զոքանչի շենքի մոտ ու սպասել կնոջը:
Շքամուտքում հանդիպել է նրան ու բացատրություն պահանջել: Վիճաբանել են:
Նելլին քարով հարվածել է իր ոտքին: Ինքն էլ բարկացել է ու մոտը եղած խոհանոցային դանակով մի քանի անգամ խփել է նրան, դանակը գցել գետնին ու հեռացել: Զանգահարել է քրոջը, ասել, որ Նելլիին խփել է ու գնում է ոստիկանություն: Եվ գնացել է:
Տուժողի իրավահաջորդը՝ Նելլի մայրը, հայտնել է, որ դուստրը բազմանդամ ընտանիքի հոգսերը հոգալու համար աշխատում էր հյուրանոցում: Տուն էր վերադառնում ուշ երեկոյան, ինչը դուր չէր գալիս նրա ամուսնուն:
Միխայելը հաճախ էր լինում խմիչքի ազդեցության տակ, խանդում էր, վիճում կնոջ հետ, բռնություն գործադրում, ինչի պատճառով էլ դուստրը հուլիսի 17-ին պահանջել էր, որ նա հեռանա:
Հուլիսի 20-ին, գիշերվա ժամը 1-ին ինքը տանը սպասում էր դստերը, երբ շենքի մուտքից լսել է նրա ձայնը: Դուրս է եկել ու տեսել, որ դուստրն արնաշաղախ ընկած է գետնին: Օգնություն է կանչել: Նելլիին տեղափոխել են հիվանդանոց, բայց նա արդեն մահացած էր: Ինքն անմիջապես հասկացել է, որ սպանողը Նելլիի ամուսինն է՝ Միխայելը:
Դեպքի վայրում՝ շենքի շքամուտքի դռան մոտ, հայտնաբերվել են մի զույգ հողաթափեր, որ ամբողջովին պատված էին արյան հետքերով: Նելլիի հողաթափերն էին, որոնցով վերադառնում էր աշխատանքից…
Նույն վայրում հայտնաբերվել են երկու բանալի, սպիտակ ականջօղեր ու սև բռնակով արյունոտ դանակ… Քար չի հայտնաբերվել…
Միխայել Վարդանյանը հոգեպես առողջ է, նա ճանաչվել է մեղսունակ:
Դատական հոգեբանը նրան չի հետազոտել, որովհետև հանցանքը կատարելու պահին Վարդանյանը եղել է ծանր աստիճանի խմածության վիճակում:
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ տուժած կնոջ մարմնին հայտնաբերվել են կրծքավանդակի և որովայնի խոռոչները թափանցող 5 ծակած-կտրած վերքեր՝ սրտապարկի, սրտի, թոքերի, ստոծանու, փայծաղի վնասումով, բազմաթիվ չթափանցող վերքեր, վերին ու ստորին վերջույթների կտրած վերքեր…
Ծանր աշխատանքով չորս երեխաների հոգսը հոգացող կնոջը սպանելով՝ Միխայելը իր պատասխանատվությունը թեթևացնելու նպատակով փորձել է դատարանում վարկաբեկել նրան, կասկածներ հայտնել: Դա նրան չի օգնել:
Չորս երեխաների առկայությունը առայժմ մեղմացուցիչ հանգամանք է համարվել իր՝ Միխայել Վարդանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս:
Ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչել Միխայել Վարդանյանին ու դատապարտել 10 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հուլիսի 20-ից:









































