Ինչպես հայտնի է, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արտահերթ զեկույց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ: Զեկույցում ներկայացված են դատական կաշառքի սակագներ՝ առաջին ատյանից մինչև Վճռաբեկ դատարան: «Կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով: Ընդհանուր առմամբ, հարցվածների մեծ մասի պնդմամբ` կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքերում. Առաջին ատյանում` 500-10 հազար դոլար, Վերաքննիչում` 2 հազարից 15 հազար դոլար, Վճռաբեկում` 10 հազարից 50 հազար դոլար»,- գրված է զեկույցում: Երեկ խորհրդարանում այս առթիվ մի քանի հարց ուղղեցինք արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:
– Պարոն նախարար, ՄԻՊ զեկույցի հետ կապված կուզեի իմանալ` այնտեղ նշված կաշառքի չափերից որի՞ հետ համաձայն չեք:
– Ես որևէ մեկին ոչ կարող եմ համաձայնել, ոչ կարող եմ չհամաձայնել: Կաշառք, կաշառքի չափ` սա քրեաիրավական ոլորտն է: Ես հուսով եմ, որ մարդու իրավունքների պաշտպանի ասածը ունի հիմքեր, ունի կոնկրետ դեպքեր, ունի կոնկրետ փաստեր, և դրանք պետք է ներկայացվեն հանրությանը: Եթե դա կներկայացվի, կկոնկրետանա, մյուս կողմն էլ կունենա իր ասելիքը: Հակառակ պարագայում ընդհանուր ընկալումը` առանց կոնկրետ խոսքի, սա որևէ բան չի տալու: Մենք բազմիցս ենք ասել` այդ ոլորտում, ընդհանրապես դատական իշխանությունում կա խնդիր, ինչպես նաև մյուս ոլորտներում: Խնդրի լուծումը բազմաշերտ է` օրենսդրություն, կադրեր, թափանցիկություն, հրապարակայնություն, հաշվետվողականություն և այլն: Մնացած մասով պատրաստ ենք քննարկել` ինչու պատասխանատվության չենք ենթարկում, արդյոք վճռաբեկ գնահատման համակարգը լավն է, վատն է: Զեկույցում կան դրույթներ, որոնք ինքնին դիսկուսիոն են, կարող ես քննարկել: Ինչ վերաբերում է դատական կաշառքի չափերին, պետք է ՄԻՊ-ին հարցնել` որտեղից իրեն էդ չափերը, էդ չափերն արդյոք ինչ-որ խոսակցությունների արդյունքում են, թե ինքն ունի տվյալներ:
– Դուք` որպես նախարար, տեղեկություն չունե՞ք կաշառքի նման չափերի մասին:
– Այդ չափերը պետք է հետաքրքրեն դատախազությանը և մյուսին: Նախարարը չի կարող խոսել ոչ կոնկրետ, ապրիորի և այլն, և այլն:
– Ասել է թե` ՄԻՊ-ի զեկույցն ապրիորի՞ է և ոչ կոնկրե՞տ:
– Որովհետև ասում է` խոսել եմ այսքան դատավորի հետ: Այդ տվյալները պետք է տրամադրվի` ում հետ է խոսել, ի՞նչ կոնկրետ դեպքի հետ գործ ունենք:
– Իսկ սա չի՞ խոսում Ձեր` որպես նախարար աշխատանքի մասին, եթե կա խնդիր և այդ խնդիրը չի լուծվել:
– Նայեք արդարադատության նախարարը ինչ լիազորություններ ունի: Ցտեսություն:










































