Ազգային ժողովում երեկվանից բուռն քննարկումների առիթ է տվել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, խոսքն ուղղելով օրինագիծը ներկայացնող Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, նրանից հարգանք պահանջեց: «Բան ենք ասում, համաձայն չեք՝ խնդիր չկա, բայց այդպիսի վերաբերմունք խորհրդարանի և որևէ պատգամավորի նկատմամբ, ընդունելի չէ, վիրավորել մարդուն, ասել՝ խորը սխալմունք, չգիտեմ ինչ, ես պարտավոր չեմ, նման բան չկա, դուք պարտավոր եք, այո, մանրամասն ներկայացնել:
Տիկին Նաղդալյանը ներկայացրեց ԱԺ կանոնակարգ-օրենքի այն պահանջները, որի համաձայն՝ պետք է նախագիծը մտնի խորհրդարան, բերեք, այդ պահանջները ապահովեք և ոչ մեկը ձեզ ոչ մի բան չի ասում և չի էլ ասելու»,- նշեց նա՝ հավելելով, որ կոռեկտ հարցեր են տրվել, բայց պատասխանները չեն եղել. սա է խնդիրը: Մյուս անհանգստացնող հանգամանքն, ըստ պատգամավորի, ձկան գնի հարցն է՝ այն թանկանալու՞ է, թե՞ ոչ: Մարուքյանը նշեց՝ ճիշտ է, սա տնտեսական նախագիծ չի՝ ըստ էության, բայց տնտեսական ազդեցություն է ունենալու. հիմա մարդիկ կգ-ը 1700-1800 դրամով իշխան են առնում, գուցե անգամ՝ ավելի էժան, բայց հիմա կանխատեսումներ կա՞ն այս ոլորտում: «Այս հարցերին պատասխանեք, ես մասնագետ չեմ, իրավաբան եմ, բնապահպանության բնագավառում ձեզ հետ ոչ մի անգամ ոչ մի կերպ չեմ կարող մտնել քննարկումների մեջ, ես ուղղակի ձեզ հորդորում և պահանջում եմ՝ համապատասխան հարգանք լինի ԱԺ պատգամավորների նկատմամբ»,- ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ անձամբ Կառավարության բոլոր անդամներին հարգում է՝ նրանց նախարար լինելու կարգավիճակով, շատերի հետ շփվելով՝ հարգում է նաև իբրև մարդ, մի մասի հետ էլ չշփվելով՝ չի ճանաչում, բայց որպես ՀՀ Կառավարության անդամ՝ հարգում է այդ մարդուն և պարտավոր է հարգել: Նա նախարարին խորհուրդ տվեց՝ նույն մոտեցումը ցուցաբերել ԱԺ պատգամավորների նկատմամբ: Պատգամավորի ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ համաձայն է նրա հետ: «Որևէ նախարար որևէ պատգամավորի իրավունք չունի վիրավորի կամ չգիտեմ ինչ-որ խոսքեր ասի անհարիր, նույնը հակառակը՝ նաև պատգամավորը նախարարին, ես ուղղակի ուշադիր չեմ եղել, դուք դեպքեր ներկայացրեցիք, ուշադիր չեմ եղել, և դա վերաբերում է բոլորին: Որևէ նախարար իրավունք չունի պատգամավորին վիրավորել, ոչ էլ պատգամավորն իրավունք ունի վիրավորել նախարարին, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց նա:
ԱԺ նախագահը նաև նշեց, որ պատգամավորները հարցի քննարկումից մի քիչ շեղվեցին, մինչդեռ ցանկալի կլիներ ավելի շատ մենք հարցի մասին խոսեինք՝ իհարկե, կոռեկտության սահմանները պահպանելով: Օրենքի այս նախագծով Արարատյան ջրավազանում ջրօգտագործման մեծ ծավալները կրճատելու, խնայելու նպատակով գործի դնել տնտեսական գործող մեխանիզմները` ուժեղացնելով դրանց կարգավորիչ դերը:









































