Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում Westgate առևտրի կենտրոնի վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, իրագործել է չորս գրոհային: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին ասվում է հանցագործության հետաքննությանը մասնակցած Նյու Յորքի ոստիկանության հրապարակած զեկույցում:
«Մենք չենք կարող պնդել լիակատար վստահությամբ: Սակայն կարծում ենք, որ գրոհայինների թիվը չորսն է եղել»,- հայտարարել է քաղաքային ոստիկանության հրամանատար Ռեյ Քելին:
Քննիչների եզրակացությունների համաձայն՝ հարձակում գործածներին, ամենայն հավանականությամբ, հաջողվել է թաքնվել:
Նյու Յորքի ոստիկանության տվյալներով՝ գրոհայիններն ունեցել են ավտոմատներ, նռնակներ և փորձել են սպանել որքան հնարավոր է շատ մարդկանց: Բացի այդ, զեկույցում նշվում է, որ բրիտանացի կին ահաբեկիչ Սամանտա Լյութվեյթը (ով հայտնի է Սպիտակ այրի անվամբ) որևէ կապ չունի հարձակման հետ:
Նայրոբիի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ իրենք ոչնչացրել են հինգ ծայրահեղականի և ձերբակալել 11 մարդու, որոնք կասկածվում են ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ:









































