Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բախման հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանը, ով դատահոգեբուժական փորձաքննության նպատակով տեղափոխվել էր «Նուբարաշեն» հոգեբուժական հիմնարկ, երեկ վերադարձվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:
Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ փաստաբանից են տեղեկացել, որ Շանթին տեղափոխել են ՔԿՀ, բայց փորձաքննության պատասխանները դեռ հայտնի չեն:
«Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինեն փորձաքննության պատասխանները, բայց իմ կարծիքով՝ դրանք պետք է փաստեն, որ Շանթը հոգեպես առողջ է, քանի որ այլ տարբերակ չի կարող լինել: Իսկ եթե փորձեն այլ եզրակացություն տալ, ապա դա կլինի ամենաթողության վերջը, որի դեմ մենք կբողոքենք: Նրանք չեն կարող երկրորդ անգամ Շանթին սարքել հոգեկան հիվանդ: Շանթը միանգամայն առողջ է»,- ասաց տիկին Ռուզաննան:
Նա փաստաբանից տեղեկացել էր նաև, որ Շանթը իրեն լավ է զգում, և որևէ խնդիր չկա: «Ես մտավախություն ունեի, որ հոգեբուժարանում կփորձեն հոգեմետ դեղեր ներարկել նրան, բայց հիմա այդպիսի մտավախություն այլևս չունեմ: Շանթն իրեն լավ է զգում»:










































