Aravot.am-ը զրուցել է 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99 ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանի հետ.
– Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցի շրջանակներում Գյումրիում հայտարարեց, որ Ռուսաստանը Անդրկովկասից հեռանալու մտադրություն երբեք չի ունեցել, ավելին՝ ՌԴ-ն պատրաստվում է ամրապնդել դիրքերն Անդրկովկասում: Պարոն Շահնազարյան, սա պաշտոնական Մոսկվայի կողմից կարելի՞ է նոր քաղաքականության մեկնարկ համարել:
– Պուտինը, ըստ էության, այցելեց ոչ թե Հայաստան, այլ Ռուսաստանի ռազմակայան ու նրա մերձակա տարածքները: Պուտինը հստակ ամրագրեց Ռուսաստանի նոր նպատակները, համաձայն որոնց՝ ՌԴ-ն էլ ավելի է ամրապնդվելու Հարավային Կովկասում, և որ այդ քաղաքականության մեջ մեծ դեր է հատկացվում ռուսական 102-րդ ռազմակայանին։ Ակնհայտ է, որ այսօր Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը սպառնացող հիմնական գործոնը հենց Ռուսաստանի քաղաքականությունն է և Գյումրիի ռազմակայանը: Դա, նախևառաջ, վտանգ է մեր պետականությանը, և կարծում եմ, որ Ռուսաստանի այս նոր քաղաքականությունը լուրջ սպառնալիք կարող է հանդիսանալ Վրաստանի նկատմամբ: Հաջորդը՝ Պուտինի ոչ հարգալից պահվածքը Հայաստանի ղեկավարության հանդեպ անընդունելի եմ համարում, որովհետև դա ոչ հարգալից վերաբերմունք է մեր բոլորի՝ մեր պետության և հասարակության նկատմամբ: Պակաս ամոթալի չէր ՀՀ ղեկավարների բրեժնևյան ժամանակներին բնորոշ քծնանքը Պուտինի հանդեպ:
– Պուտինի այցը նշանավորվեց Երևանի կենտրոնում բողոքի ակցիայով, որին իշխանությունները բավական կոշտ արձագանքեցին։ Ընդդեմ ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի ակցիան արդյունավե՞տ եք համարում:
– Դեկտեմբերի 2-ի առավել նշանակալի իրադարձությունն այն էր, ինչ տեղի ունեցավ Երևանի փողոցներում, երբ մի քանի հարյուր երիտասարդներ ապացուցեցին, որ մենք արժանապատիվ ժողովուրդ ենք և ռուսական կայսրության կողմից Հայաստանը զավթելու քաղաքականությունը չենք հանդուրժելու: Մենք կարող ենք հպարտանալ այդ երիտասարդներով: Դատապարտում եմ իրավապահների պահվածքը՝ խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ և, մասնավորապես, առանձին ոստիկանների գործողությունները, որոնք հանդես էին գալիս որպես կայսերապաշտական Ռուսաստանի շահերը պաշտպանողներ, այլ ոչ թե որպես ՀՀ ոստիկաններ: Իսկապես հպարտ եմ, որ մենք ունենք այսպիսի երիտասարդներ և կասկած չունեմ, որ մեր հասարակությունը չի հանդուրժելու այն, ինչ տեղի է ունենում այսօր: Սեպտեմբերի 3-ից Սերժ Սարգսյանի կողմից սկսված Հայաստանը՝ Մաքսային միությանն անդամակցելու հակասահմանադրական գործընթացի իրավական գնահատականը հետևյալն է՝ Սերժ Սարգսյանը սկսել է հանցագործություն ՀՀ-ի ինքնիշխանության դեմ: Այսինքն՝ այն գործընթացը, որը սկսվել էր դեռ Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի օրոք, երբ Հայաստանի էներգետիկ ողջ անվտանգությունը տրվեց Ռուսաստանին, շարունակվում է այսօր. այժմ Սերժ Սարգսյանը մեր պետականությունն ու ինքնիշխանությունն է վաճառում Ռուսաստանին՝ հանուն իր իշխանության:
– Եվ ի՞նչ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակում:
– ՀՀ Սահմանադրության և օրենքների համաձայն՝ Ազգային ժողովը պետք է սկսի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու և նրան պաշտոնանկ անելու գործընթացը: Միայն այդ ճանապարհով կարող ենք կանգնեցնել ընդդեմ պետության այն հանցագործությունը, որը սկսվել է սեպտեմբերի 3-ին: Կոչ եմ անում ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին, պատգամավորներին՝ սթափվե՛ք, պետականություն, ինքնիշխանություն ենք կորցնում: Պետք է վեր կանգնել անձնական ու կուսակցական շահերից: Այս իշխանությունը լիովին տապալվել է բոլոր ուղղություններով, որևէ ձեռքբերում չի ունեցել, որևէ դրական բան չի արել, միակ դրական քայլը, որն արվում էր, ԵՄ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու ծրագիրն էր:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք aravot.am-ում:








































