Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը կարծում է, որ Ուկրաինայում վերջին իրադարձությունները վկայում են Արևելյան գործընկերության ծրագիրը վերանայելու և այն ավելի ժամանակակից դարձնելու անհրաժեշտության մասին՝ հաղորդում է Interfax-ի ուկրաինական ծառայությունը:
«Այս ծրագրի մասնակից վեց պետությունները հենց սկզբից շատ տարբեր են եղել, և այժմ, երբ Վինլյուսի գագաթնաժողովը կարծես թե բաժանարար գիծ անցկացրեց, այս վեց պետությունների տարբերություններն ավելի նկատելի դարձան»,- ասել է արտգործնախարարը:
Պաետն այնուամենայնիվ կարծում է, որ Եվրամիությունը պետք է շարունակի իր գործունեությունը՝ հաշվի առնելով պետությունների տարբերությունը:
«Մի կողմից Վրաստանը և Մոլդովան են, մյուս կողմից՝ Բելառուսը և Ադրբեջանը, իսկ այժմ մեջտեղում են Հայաստանը և Ուկրաինան: Արդյոք անհրաժեշտ չէ՞ այս ամենին նայել թարմ հայացքով՝ փոփոխություն մտցնելու համար»,- նշել է նախարարը:
Պաետի խոսքով՝ անհրաժեշտ է մշակել հստակ ծրագրեր յուրաքանչյուր պետության համար՝ ելնելով այն բանից, թե ինչ են ցանկանում նրանք, ինչի են պատրաստ:
«Այդ ծրագիրը պետք է ավելի անձնական լինի»,- ասել է նա:
Էստոնիայի արտգործնախարարը չի բացառում, որ Ուկրաինայում իրավիճակը կխորանա օրեցօր:
«Եթե Ուկրաինան մտադիր է ամեն դեպքում պարտավորեցնող համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ, ապա մնացած ընտրություններն ավելի բարդ կդառնան»,- հավելել է նա:









































