ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ից որոշ գործիչներ դուրս են գալիս պետական ապարատի ոչ համաչափ, ռեպրեսիվ հնարավոր գործողությունների պատճառով: Այլ կերպ ասած՝ Արմեն Աշոտյանն ակնարկում է, որ ՀՀԿ-ն լքում են վախենալով, որ մնալու դեպքում կենթարկվեն հետապնդումների:

Արմեն Աշոտյանը ՀՀԿ քաղաքական թևի ներկայացուցիչներից է: Այդ թևը հայտնվում է բավականին բարդ վիճակում: ՀՀԿ-ն իրեն հայտարարել է ընդդիմություն: Քանի դեռ կուսակցությունը «փլուզվում» է և կորցնում խորհրդարանում ունեցած մեծամասնությունը, ՀՀԿ «ընդդիմադիր» լինելը հետաքրքիր է հանրությանը, այսպես ասած՝ արդիական է քաղաքական հարթությունում: Երբ թավշյա հեղափոխությունն ավարտվի, ՀՀԿ ընդդիմություն լինելու մասին «չի հիշի» ոչ ոք, կամ գուցե մի քանի լրատվամիջոց ու լրագրող:
ՀՀԿ-ն ներկայումս փորձում է ընդդիմություն լինել այնպես, ինչպես մինչ այժմ եղել են ընդդիմությունները Հայաստանում: Այդ տեսանկյունից ոճական առումով ՀՀԿ-ն «դասական» է: Այլ է հարցը, որ իշխանությունն է Հայաստանում փոխվել, հետևաբար նախկին ընդդիմությունների «ոճը» չի կարող հուշել ՀՀԿ-ին որևէ հաջողություն: Հետևաբար հայտարարելը, թե օլիգարխները ՀՀԿ-ն լքում են, որովհետև վախենում են ռեպրեսիայից, գուցե հեշտ է, բայց քաղաքականապես անօգտակար, անօգուտ, օգտակար գործողության գրեթե զրոյական գործակցով: Այդ հայտարարությունը լուրջ կընկալվի դարձյալ՝ միայն որոշ լրատվամիջոցների և լրագրողների շրջանում:
Ըստ այդմ՝ ՀՀԿ քաղաքական թևին արժե թերևս մտածել ընդդիմության նոր ոճի և բովանդակության մասին: Իհարկե, ոչ բարձր «մատերիաների» դրդմամբ՝ քաղաքական նոր մշակույթ, հին ընդդիմությունների համեմատ որակական տարբերություն և այլն: Դա պարզապես պահանջում է ՀՀԿ տարրական շահը, որովհետև հեղափոխությունն ու ՀՀԿ-ն ներկայումս բռնված են միմյանցից, սակայն ուշ, թե շուտ հեղափոխությունը թողնելու է ՀՀԿ ձեռքը, և ՀՀԿ-ին պետք է քայլել կարողանալ՝ որպես նոր իրավիճակում նոր իշխանության ընդդիմություն, որը դեռ պետք է շատ երկար քայլի մենակ: Այլապես անիմաստ է քաղաքական դաշտում մնալը:
ՀՀԿ-ն ունի մտավոր ռեսուրս նոր իրավիճակում իր քաղաքական գոյության նոր իմաստ ձևակերպելու համար: Այլ հարց է, թե կա՞ արդյոք դրա կամք, որովհետև այդ նոր իմաստի պարագայում անխուսափելի և անշրջանցելի է թերևս մի պայման՝ ՀՀԿ թիրախը չպետք է լինի նոր իշխանությունը: Ոչ թե այն պատճառով, որ նոր իշխանությունը սուրբ է, սրբազան կով, որին ոչ ոք չունի քննադատելու իրավունք: Պարզապես ՀՀԿ-ն ինքը, մեղմ ասած, շատ շատ «սուրբ չէ»: Բայց այդ հանգամանքն էլ ոչ թե զրկում է կուսակցության մեջ մնացողներին նոր իշխանությանը քննադատելու բարոյական իրավունքից, այլ պարզապես աննպատակահարմար է դարձնում այն զուտ քաղաքական տեսանկյունից: Որովհետև ՀՀԿ որևէ քննադատություն աշխատելու է իր դեմ, առնվազն մի քանի տարի: Կա, ի վերջո, ՀՀՇ-ի օրինակը 1998-ից հետո, երբ այդ կուսակցությունն այլևս երբեք չկարողացավ դառնալ կենսունակ քաղաքական ուժ, իսկ 2008 թվականի շարժումը բացառապես Լևոն Տեր-Պետրոսյանի անհատական հատկանիշների շնորհիվ էր, ինչի վկայությունն է այն, որ հենց Տեր-Պետրոսյանը վերադարձավ «կուսակցական» շրջանակ, շարժումն, ըստ էության, փոշիացավ և 2017 թվականին օրինակ՝ 2008-ի վերելքից ինը տարի անց ընկավ մինչև 2 տոկոսի:
Եթե հապավման վերջում ոչ թե Շ է, այլ Կ, դա դեռ ՀՀԿ համար հիմք չէ մտածել, որ իր դեպքում ամեն ինչ կարող է լինել այլ: Առավել ևս, որ ՀՀԿ-ն Տեր-Պետրոսյան էլ չունի: ՀՀԿ-ին կօգնի միայն կամքը՝ քաղաքական գործունեությունն իշխանությանը քննադատելու վրա չկառուցելու, այդ քննադատության գայթակղությունից զերծ մնալու կամքը, որովհետև գայթակղությունն, իհարկե, մեծ է՝ իրենց հեռացրել են իշխանությունից, գրեթե անսասան ու անբեկանելի թվացող իշխանությունից: Իսկ այդ դեպքում ինչ անել, թեկուզ որպես ընդդիմություն, եթե չքննադատել իշխանությանը:
ՀՀԿ-ն իր իշխանության տարիներին, հատկապես վերջին շրջանում, փորձում էր ռեբրենդինգ անել ինքն իրեն՝ ներկայանալով որպես լայն թափով ինտելեկտուալացվող ուժ: Ընդ որում՝ անհատական մակարդակով կային դրա որոշակի դրսևորումներ: Բայց անկասկած էր, որ այդ ինտելեկտուալները գտնվում են «ծառայության» մեջ՝ կամա, թե ակամա, ընդհանուր իշխող համակարգին, ու անգամ իրենք էին հաճախ խոստովանում, որ շատ լավ են տեսնում արատներն ու խնդիրները, բայց հեշտ չէ դրանք փոխել, ներքին դիմադրությունն է շատ մեծ: Ըստ այդմ՝ իրենց ինտելեկտն օգտագործվում, ծառայեցվում էր համակարգի դիմափոխման համար միայն, ոչ թե որակական և խաղի կանոնների վերափոխումների:
Հիմա, դարձյալ կամա, թե ակամա, ՀՀԿ ինտելեկտուալները ստացել են դրության տերը լինելու հնարավորություն: Կորցրել են իշխանությունը, բայց փոխարենը ստացել են իրապես ինտելեկտուալ ազատություն: Ըստ այդմ՝ ստացել են քաղաքական գործունեության մեջ ամբողջ ճակատով ինտելեկտը կիրառելու հնարավորություն՝ ցույց տալով հանրությանը քաղաքական նոր ոճ ու բովանդակություն:










































