Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու հարցը դեռևս շարունակում է մնալ Կառավարության օրակարգում: Հայաստանի երկրորդ քաղաքում նախարարության տեղակայման քայլին մասնագետները կողմ են, գյումրեցիները՝ նույնպես:
Արվեստաբան Լիլիթ Սարգսյանն այդ քայլը դրական է համարում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արվեստաբանը նշեց, որ կողմ է նախարարությունը Գյումրի տեղափոխելուն՝ ապակենտրոնացման նկատառումներից ելնելով: «Մյուս կողմից էլ՝ դա ընդամենը մի վարչական ժեստ պիտի լինի, որ չեմ կարող ասել՝ ինչ նշանակություն կունենանք: Երևի Գյումրու զարգացման համար այնքան էլ էական չի լինի, բայց սկզբունքորեն ես կողմ եմ նման քայլերին: Օրինակ՝ Ղարաբաղում նույնպես Մշակույթի նախարարությունը Շուշի տեղափոխեցին, վատ չէր»,- ասաց նա:
Ըստ Սարգսյանի՝ Գյումրին ի սկզբանե եղել է մշակութային մայրաքաղաք, և պետք է ամեն ինչ անել այդ կարգավիճակը վերականգնելու համար: Արվեստաբանը նշեց, որ չի կարծում, թե Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելը տեղի մշակութային կյանքում ինչ-որ հատուկ աշխուժություն կմտցնի, որովհետև դա, ամեն դեպքում, մեռած ստրուկտուրա է, այն տեղափոխելն ընդամենը սիմվոլիկ-վարչական ժեստ է լինելու: Սարգսյանը նշեց, որ այս քայլը նաև Գյումրիում նոր աշխատատեղերի ավելացմանը կնպաստի:
Մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանը նշեց, որ դեռ էապես խոր վերլուծություններ չի արել, բայց առաջին տպավորությամբ, սա դրական քայլ է: «Իհարկե, Գյումրու համար վերականգնվելու, ոտքի կանգնելու, այսօր դեմք ունենալու ճանապարհներից մեկն է սա: Մշակույթը, դուք գիտեք, ինչքան արժեքավորված է, սա մեր ազգային հարստությունն է, այսինքն՝ ընդհանուր՝ տեսական մակարդակով խնդիրը լրիվ արժանի է խոր ուսումնասիրման»,- ասաց նա:
Պողոսյանը նշեց, որ այսքանով հանդերձ, իհարկե, այս քայլը լուրջ կազմակերպական խնդիրներ է ենթադրում, կա նաև ֆինանսական կողմը: Հարցը, սակայն, արժանի է լուրջ քննարկման: Հարցին՝ արդյոք նախարարությունների ապակենտրոնացման նպատակով արժե՞, որ այս օրինակին հետևեն նաև մյուս նախարարությունները, Պողոսյանը նշեց, որ այս հարցում շտապել չի կարելի: «Գիտեք ինչ, եկեք բոլորը միանգամից չանենք: Ամենքը, ես կարծում եմ, պետք է ունենան լավագույն փորձը, պիլոտային ծրագրեր պիտի լինեն, դրանք նախ փորձարկենք: Միանգամից, առանց հետևանքները հաշվի առնելու, ես կարծում եմ, ճիշտ չի լինի այդ քայլին գնալ: Նման հարցերում պետք է շատ զգույշ լինել և հիմնավորված քայլեր անել, կարծում եմ՝ կարելի է մեկ-երկուսը տանել, տեսնել արդյունքն ինչպիսին է»,- ասաց նա՝ նշելով, որ դրանք շատ լուրջ հարցեր են, այսպես միանգամից՝ «այո» կամ «ոչ»-ով պատասխանել կամ ուղղակի փորձարկել ճիշտ չի լինի: Պողոսյանի համոզմամբ՝ հետևանքները պետք է նախապես լուրջ հաշվարկել, միայն հետո քայլեր անել, ընդ որում՝ դրանք պետք է լինեն հիմնավորված:












































