Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը երեկ հրապարակել է արտահերթ զեկույց` նվիրված դատական համակարգում գործող կոռուպցիոն մեխանիզմներին, ապօրինություններին և երկակի ստանդարտների կիրառմանը:
Զեկույցը հրապարակվել է նաև բրոշյուրի ձևով, օմբուդսմենի ձեռագրով հուզիչ մակագրությամբ: «Ձեր իրավունքների խախտման հիմնական պատճառը, մեղավորը և ապացույցները ներկայացված են այս զեկույցում: Խնդրանքս մեկն է. կենտրոնանանք այս ցավոտ խնդրի վրա»,- գրված է զեկույցի առաջին էջում:
Զեկույցում, ինչպես արդեն հրապարակվել է, նշված են դատական տարբեր ատյաններում առկա կոռուպցիայի սակագները ԱՄՆ դոլարով, Աստվածաշնչից մեջբերումներ, հարցումների արդյունքներ, վիճակագրություն:
Զեկույցից հասկանալի է դառնում, որ իրենք այդ թվերին, սակագներին և վիճակագրությանը հանգել են փաստաբանների, դատավորների, դատախազների, իրավաբանների հետ անցկացված 120 հարցազրույցի արդյունքում: Սակայն բերված տվյալները հիմնավորող, ապացուցող որևէ փաստ, տեղեկությունը հայտնած որևէ անձի անուն չի նշվում: Պատճառն այն է, որ օմբուդսմենը խոստացել է պահել աղբյուրի գաղտնիությունը: Որքան էլ մենք համաձայնենք, որ իրավիճակն այդպիսին է, հասարակության մոտ ձևավորված կարծիքը 100 տոկոսով համընկնում է օմբուդսմենի կարծիքի հետ, սակայն համաձայնեք, որ զեկույց հրապարակելու համար փաստեր են անհրաժեշտ, ինչը բերում է լիարժեք վստահության:
Օրինակ` զեկույցի առաջին էջերում թվով երեք մեջբերում կա անանուն դատավորների հետ անցկացված հարցազրույցներից, որոնք մեջբերում ենք ստորև:
Օմբուդսմենին՝ դատավորի գաղտնի տեղեկացումից.
«Ինձ մեղադրեցին այն բանում, որ ես համարձակվել եմ «առանց նախապես համաձայնեցնելու և թույլտվություն ստանալու» քննել և որոշում կայացնել միջազգային հնչեղություն ունեցող մի գործի վերաբերյալ: Իմ նկատմամբ կիրառվեցին ճնշումներ, որոնք ազդակ էին նաև իմ գործընկեր դատավորներին, թե ինչ հաշվեհարդար կսպասվի յուրաքանչյուրին, ով կհամաձայնվի շեղվել գոյություն ունեցող «կանոններից»՝ չկատարելով տրված ցուցումները»:
«Վճռաբեկ դատարանի դատավորի կողմից ինձ տրվեց կրիչի վրա ձայնագրված տվյալ գործով կայացվելիք դատական ակտի տեքստը և հրահանգվեց այն ներկայացնել որպես իմ սեփական որոշում»:
«Ստացված ցուցումների համաձայն՝ դատական նիստի ընթացքում ես հարկադրված էի պարբերաբար ընդմիջումներ հայտարարել՝ Վճռաբեկ դատարանի դատավորին գործի ընթացքի մասին զեկուցելու համար»:
Իսկ հիմա մեջբերում ենք Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանի՝ հոլանդական դատարանին տված վկայությունից մի հատված, որը 2011-ին հրապարակվել է և եվրոպական, և հայաստանյան մամուլում: Հիշեցնենք, որ Ղազարյանը ժամանակին քննում էր «միջազգային հնչեղություն ունեցող մի գործ»՝ ռուսական «Ռոսնեֆտի» և «ՅՈւԿՕՍ» նավթային ընկերության գործը, որի շրջանակներում էլ, ըստ հրապարակված տեղեկությունների, 2011 թվականին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նրան ստիպեց հրաժարական տալ` իր հրահանգը չկատարելու համար:
«Ես հետևում էի ցուցումների «Ռոսնեֆտի» օգտին որոշումը կայացնելու ժամանակ: Դատական նիստի ընթացքում ես մի քանի անգամ ընդմիջում եմ հայտարարել այդ ցուցումները ստանալու համար: Ես ընտրություն չունեի, ցանկանում էի կաշիս փրկել: Ես ճնշումների զոհ դարձա, և վերջում այլ ընտրություն չունեի, քան հրաժարական տալ»:
Ղազարյանը ժամանակին նաև ընդգծում էր, որ չնայած ինքը, վերջին հաշվով, վճիռը «վերևից» հրահանգով էր կայացրել, իրեն համակարգից հանեցին, որպեսզի մյուս դատավորներին ցույց տան, որ ղեկավարությանը չի կարելի հակառակվել:
Սուրիկ Ղազարյանը հրաժարականից հետո, 2011 թվականի օգոստոսին «Հայկական ժամանակի» հետ զրույցում խոսելով իր հրաժարականի մասին` ասել էր. «Դատավորները հիմա անկախ չեն: Դատավորներն իրենց դատավոր չեն զգում: Նրանց` իրավագիտակցությամբ և օրենքների ուժով ձևավորված եզրակացությունը, որը դառնում է իրենց ներքին համոզմունք, հնարավոր է, որ չհամապատասխանի այլ մարդկանց ցանկությանը և այդպես էլ չդառնա դատական ակտ»:
Քանի որ Մարդու իրավունքների պաշտպանը չի հրապարակում որևէ դատավորի անուն, ով իրեն հայտնել է վերը նշված տեղեկությունները, հանգիստ կարող ենք ենթադրել, որ այդպիսի տեղեկություն հայտնող իրականում չի եղել, և մեջբերումներն արտագրված են մամուլից, կամ էլ դատական համակարգում առկա վիճակն այնքան վատ է, որ բոլոր դատավորները (և ներկա, և նախկին) միակարծիք են:








































