Դեկտեմբերի 16-ն Նկարիչների միությունում կանցկացվի համագումար, այնուհետև՝ նախագահի ընտրություն: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ Ֆերդինանտ Առաքելյանը, կարևորն այն է, որ ընտրվի նկարիչների խնդիրներով մտահոգվող և դրանք լուծող թեկնածու: «Բոլոր նմանատիպ կառույցները ստեղծվել են 1934 թվին՝ Ստալինի հրամանով, և որոշակի ֆունկցիա են կատարել, իսկ հիմա մոդելը պետք է փոխվի: Տարբերակները շատ են, առաջինը՝ ինչպես օգնել, ինչպես սատար կանգնել նկարիչներին»,- ասաց նա:
Նրա համոզմամբ՝ ընտրված նախագահը պետք է կառույցը ղեկավարի առնվազն 10 տարի, այսինքն՝ թեկնածությունը դնի երկու անգամ, իսկ ներկայիս նախագահ Կարեն Աղամյանն արդեն 15 տարի է, ինչ կառավարում է կառույցը. «Մարդն աշխատել է, մրոտելով չի կարելի ճանապարհել, սակայն 15 տարի աշխատելով՝ մարդը լճանում է: Ինքը վատ տղա չէ, մարդիկ են ընկել հետևից, ուզում են իրեն հանել, տեղը նստել… Մեզ մոտ վեճեր և խմորումներ կլինեն»:
Բանախոսը, անդրադառնալով միության անդամակցությանը, ասաց, որ ամեն դեպքում նկարչի համար պատվաբեր է միության անդամ լինելը, սակայն բացի ցուցահանդեսից՝ ոչ մի դրական տեղաշարժ չկա: «Միությունը նյութական ոչինչ չի տալիս, միայն ցուցահանդես: Սովետական ժամանակներում նկարիչներին արվեստանոցներ էին տալիս, հիմա նման բան չկա»,- ասաց նկարիչը:








































